Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ, այդ թվում՝ընտրական օրենսգրքի փոփոխության մասին օրենքը։
«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 7-ին ստորագրել է«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջև ժամանակավոր առևտրային համաձայնագիրը վավերացնելու մասին, «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է Ընտրական օրենսգրքում առաջարկված փոփոխությունները, որոնք սահմանում են՝
կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր.
կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ.
ԱԺ և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններում քվեաթերթիկը համարվում է անվավեր, եթե քվեաթերթիկը կամ ծրարը ներառում է որևէ գրառում կամ նշում, կամ ծրագրում բացի քվեաթերթիկից առկա է ցանկացած այլ իր.
ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեատուփից ծրարը հանելիս և ծրարից քվեաթերթիկը հանելու ընթացքում ձեռքում այլ իր չպետք է ունենա։