Աշխարհի տարբեր երկրներ ողջունել ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը | armenpress.am

armenpress.am Մի քանի երկիր, այդ թվում՝ Եգիպտոսը, Իրաքը, Ճապոնիան, Ինդոնեզիան, Մալայզիան, ինչպես նաև Օմանը, Ուկրաինան, Ավստրալիան և Նոր Զելանդիան ողջունել են Միացյալ Նահանգների և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնությունը։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Եգիպտոսի ԱԳ նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ Պակիստանի և Թուրքիայի հետ համատեղ կշարունակի ջանքերը՝ «տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը ամրապնդելու համար»։

Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսը X-ում գրել է. «Չնայած սա խրախուսական լուր է, սակայն առաջիկա օրերին դեռևս զգալի աշխատանք է պետք կատարել՝ երկարատև հրադադար ապահովելու համար»։

The Associated Press-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ապրիլի 8-ին մեկնում է Պարսից ծոց՝ աջակցելու նոր հայտարարված հրադադարին և Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմը դադարեցնելու ավելի լայն ջանքերին։

«Հրադադարը մի պահ թեթևացում կբերի տարածաշրջանին և աշխարհին, բայց այն պետք է վերածվի երկարատև համաձայնագրի», – ասել է Սթարմերը։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան կոչ է արել Վաշինգտոնին նմանատիպ «վճռականություն» ցուցաբերել Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու հարցում։

Հիշեցնենք՝ մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հորմուզի նեղուցը բացելու վերջնաժամկետ էր տվել՝ սպառնալով «մի ամբողջ քաղաքակրթություն ոչնչացնել»: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր դիվանագիտական բոլոր ուղիները և անուղղակի բանակցությունները սառեցնելու մասին:

Ավելի ուշ Պակիստանի միջնորդությամբ կողմերը երկշաբաթյա հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել։ Թրամփը հայտարարել է, որ համաձայնության են եկել Իրանի ներկայացրած 10-կետանոց առաջարկի շուրջ՝ այն համարելով «բանակցությունների համար կիրառելի հիմք»։ Իսկ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ «2 շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը հնարավոր կլինի՝ Իրանի ԶՈւ հետ համակարգմամբ և տեխնիկական սահմանափակումները պատշաճ հաշվի առնելով»։  Թեև Պակիստանի վարչապետը նշել է, որ հրադադարը վերաբերում է նաև Լիբանանին, Իսրայելը հակառակն է պնդում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն