azatutyun.am Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ողջունում է Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարը.
«Մենք ակնկալում ենք, որ առաջիկա օրերին և շաբաթներին այն լիովին կպահպանվի ամբողջ տարածաշրջանում և թույլ կտա բանակցություններ վարել», – պաշտպանության և անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանն ասել է Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահը միևնույն ժամանակ հավելել է, որ Լիբանանում իրավիճակը շարունակում է մնալ կրիտիկական և կոչ է արել Լիբանանին ներգրավել համաձայնագրի մեջ։
Հիշեցնենք՝ մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հորմուզի նեղուցը բացելու վերջնաժամկետ էր տվել՝ սպառնալով «մի ամբողջ քաղաքակրթություն ոչնչացնել»: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր դիվանագիտական բոլոր ուղիները և անուղղակի բանակցությունները սառեցնելու մասին:
Ավելի ուշ Պակիստանի միջնորդությամբ կողմերը երկշաբաթյա հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել։ Թրամփը հայտարարել է, որ համաձայնության են եկել Իրանի ներկայացրած 10-կետանոց առաջարկի շուրջ՝ այն համարելով «բանակցությունների համար կիրառելի հիմք»։ Իսկ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ «2 շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը հնարավոր կլինի՝ Իրանի ԶՈւ հետ համակարգմամբ և տեխնիկական սահմանափակումները պատշաճ հաշվի առնելով»։ Թեև Պակիստանի վարչապետը նշել է, որ հրադադարը վերաբերում է նաև Լիբանանին, Իսրայելը հակառակն է պնդում։