azatutyun.am Թուրքիան ողջունել է Իրանի պատերազմում հրադադարը և հայտարարել, որ կաջակցի Իսլամաբադում կայանալիք բանակցություններին, այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչությունն ընդգծել է հրադադարի ռեժիմի լիարժեք կիրառման անհրաժեշտությունը և նշել, որ բոլոր կողմերը պետք է հետևեն համաձայնագրին։
Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուրբաթ օրը Իսլամաբադում սպասվող բանակցություններին Իրանի պատվիրակությունը կղեկավարի երկրի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը: Ամերիկյան բանակցային թիմը կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
Հիշեցնենք՝ մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հորմուզի նեղուցը բացելու վերջնաժամկետ էր տվել՝ սպառնալով «մի ամբողջ քաղաքակրթություն ոչնչացնել»: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր դիվանագիտական բոլոր ուղիները և անուղղակի բանակցությունները սառեցնելու մասին:
Ավելի ուշ Պակիստանի միջնորդությամբ կողմերը երկշաբաթյա հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել։ Թրամփը հայտարարել է, որ համաձայնության են եկել Իրանի ներկայացրած 10-կետանոց առաջարկի շուրջ՝ այն համարելով «բանակցությունների համար կիրառելի հիմք»։ Իսկ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ «2 շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը հնարավոր կլինի՝ Իրանի ԶՈւ հետ համակարգմամբ և տեխնիկական սահմանափակումները պատշաճ հաշվի առնելով»։ Թեև Պակիստանի վարչապետը նշել է, որ հրադադարը վերաբերում է նաև Լիբանանին, Իսրայելը հակառակն է պնդում։