arm.sputniknews.ru Ռուսաստանը հուսով է, որ մոտ ապագայում Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ շփումներ տեղի կունենան: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք հուսով ենք, որ, ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, առաջիկա օրերին տեղի կունենան իրանական և ամերիկյան պատվիրակությունների ուղիղ շփումներ, ինչը թույլ կտա շարունակել խաղաղ քննարկումը, և յուրաքանչյուր կողմ կկարողանա պաշտպանել իր շահերը ոչ թե զինված միջամտության միջոցով, այլ բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է նա լրագրողներին ՝ մեկնաբանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը:
Մոսկվան նաև հույս ունի, որ տեսանելի ապագայում ԱՄՆ ներկայացուցիչներն ավելի շատ հնարավորություններ կունենան մասնակցելու Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին:
Հիշեցնենք՝ մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հորմուզի նեղուցը բացելու վերջնաժամկետ էր տվել՝ սպառնալով «մի ամբողջ քաղաքակրթություն ոչնչացնել»: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր դիվանագիտական բոլոր ուղիները և անուղղակի բանակցությունները սառեցնելու մասին:
Ավելի ուշ Պակիստանի միջնորդությամբ կողմերը երկշաբաթյա հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել։ Թրամփը հայտարարել է, որ համաձայնության են եկել Իրանի ներկայացրած 10-կետանոց առաջարկի շուրջ՝ այն համարելով «բանակցությունների համար կիրառելի հիմք»։ Իսկ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ «2 շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը հնարավոր կլինի՝ Իրանի ԶՈւ հետ համակարգմամբ և տեխնիկական սահմանափակումները պատշաճ հաշվի առնելով»։ Թեև Պակիստանի վարչապետը նշել է, որ հրադադարը վերաբերում է նաև Լիբանանին, Իսրայելը հակառակն է պնդում։