armenpress.am Հայաստանը ողջունում է բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին ԱՄՆ-ի և Իրանի որոշումը։
Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի կարևոր որոշումը բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։ Մենք նաև բարձր ենք գնահատում միջնորդական ջանքերը, այդ թվում՝ Պակիստանի ջանքերը, և խորապես համոզված ենք, որ դիվանագիտությունը պետք է գերակշռի բոլոր չլուծված հարցերը լուծելու և Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու համար»,-գրել է Հայաստանի վարչապետը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին՝ Թեհրանին տրված վերջնաժամկետից երկու ժամ առաջ։ Նա հայտնել է, որ Իրանը 10 կետից բաղկացած ծրագիր է փոխանցել միջնորդների միջոցով, և այդ ծրագրի հիման վրա բանակցություններ կսկսվեն։ Իրանը նույնպես հայտարարել է երկշաբաթյա հրադադարի շուրջ ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու մասին։