arm.sputniknews.ru Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 17-18-ը կայցելի Թուրքիա, որտեղ կքննարկի Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Սերգեյ Լավրովը Թուրքիա կմեկնի Անթալիայի 5-րդ դիվանագիտական համաժողովին մասնակցելու համար:
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի հինգերորդ դիվանագիտական համաժողովին», – ասել է Զախարովան:
Նշենք, որ Անթալիայի 5-րդ դիվանագիտական համաժողովը տեղի կունենա ապրիլի 17-19-ը:
Հիշեցնենք՝ մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հորմուզի նեղուցը բացելու վերջնաժամկետ էր տվել՝ սպառնալով «մի ամբողջ քաղաքակրթություն ոչնչացնել»: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր դիվանագիտական բոլոր ուղիները և անուղղակի բանակցությունները սառեցնելու մասին:
Ավելի ուշ Պակիստանի միջնորդությամբ կողմերը երկշաբաթյա հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել։ Թրամփը հայտարարել է, որ համաձայնության են եկել Իրանի ներկայացրած 10-կետանոց առաջարկի շուրջ՝ այն համարելով «բանակցությունների համար կիրառելի հիմք»։ Իսկ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ «2 շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը հնարավոր կլինի՝ Իրանի ԶՈւ հետ համակարգմամբ և տեխնիկական սահմանափակումները պատշաճ հաշվի առնելով»։ Թեև Պակիստանի վարչապետը նշել է, որ հրադադարը վերաբերում է նաև Լիբանանին, Իսրայելը հակառակն է պնդում։