Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնությունը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա. Իսպանիայի ԱԳՆ | armenpress.am

armenpress.am Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը կարծում է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնեցված հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա։ Այս մասին Ալբարեսը գրել է X-ում։

Իսպանիայի ԱԳ նախարարը նաև աջակցություն է հայտնել միջնորդների, հատկապես Պակիստանի «կարևոր աշխատանքին»՝ նշելով, որ «գրեթե 40 օր անց այսօրվա հրադադարը հույս է տալիս Մերձավոր Արևելքին և աշխարհին», ինչպես նաև կանխում «էսկալացումը՝ անուղղելի հետևանքներով»։

«Դիվանագիտությունը, բանակցությունները և միջազգային իրավունքը միակ ուղին են դեպի կայուն խաղաղություն, որին արժանի են Մերձավոր Արևելքի ժողովուրդները։ Հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա՝ Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևի շրջանակներում», – գրել է նա։

Ավելի ուշ Ալբարեսը զրուցել է իր լիբանանցի պաշտոնակցի հետ՝ Մադրիդի աջակցությունը հայտնելով Լիբանանի ինքնիշխանությանը, մերժելով «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի հարձակումները և աջակցություն հայտնելով ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը։

Ալբարեսը մեկ այլ գրառման մեջ հայտնել է Կատարի արտգործնախարարի հետ զրույցի մասին։ Նա կարևորել է Հորմուզի նեղուցով ազատ և անվտանգ նավագնացության վերսկսումը, նաև դատապարտել Իրանի հարվածները Կատարին։

Ավելի վաղ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել էր, որ Իրանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որն «անմիջապես ուժի մեջ կմտնի» և կպահպանվի «Լիբանանում և ամենուրեք»։ Բացի այդ Շարիֆն ապրիլի 10-ին Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակություններին հրավիրել է Իսլամաբադ՝ հետագա բանակցությունների համար։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ երկիրը հավանություն է տալիս  է ԱՄՆ-ի որոշմանն Իրանի հետ երկշաբաթյա հրադադար հաստատելու շուրջ՝ նշելով, սակայն, որ համաձայնությունը չի տարածվում Լիբանանի վրա, որտեղ իսրայելական բանակը ռազմական գործողություններ է իրականացնում շիաների իրանամետ «Հեզբոլլահ» խմբավորման դեմ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն