«Գնումների մասին» օրենքում սպասվող փոփոխությունները և գիտասարքերի գնումները

Գիտական համայնքը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է գիտասարքերի և գիտափորձերի համար անհրաժեշտ նյութերի գնումների գործընթացում խոչընդոտների մասին։ Որպես հանրային կառույցներ (պետական ոչ առևտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ) կամ պետության հիմնադրամներ)՝ գիտական կազմակերպությունները և համալսարանները պարտավոր են գնումներն իրականացնել «Գնումների մասին» օրենքի կարգավորումներին համապատասխան։

«Գնումների մասին» օրենքը, որ նպատակ ունի պետական կառույցներում կոռուպցիոն ռիսկերը մեղմելու, սահմանում է գնումների ընթացակարգերը և գնման գործընթացի մանրամասները։ Գոյություն ունի նաև օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտ՝ կառավարության համապատասխան որոշում, որը տալիս է լրացուցիչ կարգավորումներ գործընթացի վերաբերյալ։

Ֆինանսների նախարարությունն անցած տարվա վերջին շրջանառության մեջ է դրել «Գնումների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որում առաջարկվող որոշ փոփոխություններ անդրադառնում են գիտական համայնքի բարձրաձայնած մտահոգություններին։ 

Թե ինչ նոր կարգավորումներ է առաջարկում նախագիծը, և ինչ խնդիրներ կարող են լուծել դրանք, կարդացեք «Ինֆոքոմի» հոդվածում։

Միջնորդ կազմակերպություններ և ուղիղ գնումներ

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը 2023 թ․ մինչ օրս 155 գիտական սարքավորում է ձեռք բերել, որոնցից 44-ը տեղ է հասել ուշացումով։ Թանկարժեք արքերից մեկն, օրինակ, ուշացել է մեկուկես տարի։ 

Եվս 450 մատակարարումներից, որոնք կարող են ներառել ինչպես մեկ, այնպես էլ շատ ապրանքներ (օրինակ՝ փորձերի համար անհրաժեշտ նյութեր), ուշացումով են տեղ հասել 170-ը։ 

«Գնումների մասին» գործող օրենքի 18-րդ հոդվածով գնման մի քանի ընթացակարգեր են սահմանվում, որոնց թվում՝ մրցույթը և մեկ անձից գնումը:

Օրենքը սահմանում է, որ գնումների կատարման նախընտրելի ձևը մրցույթն է՝ որոշակի բացառություններով։

Առանց մրցույթի գնումներ հնարավոր է կատարել, օրինակ, մեկ անձից գման ընթացակարգով։ Մեկ անձից գնում կատարելու դեպքերը, սակայն, հստակ սահմանված են, օրինակ՝ եթե գնումը չի գերազանցում 1 միլիոն դրամը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից՝ պայմանավորված նրա հեղինակային և հարակից իրավունքներով, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և այլն։

Իսկ մրցույթի դեպքում պատվիրատուն ապրանք կամ ծառայություն ձեռք բերելու համար մրցույթ (տենդեր) է հայտարարում, պոտենցիալ մատակարարները մասնակցում են դրան, և հաղթողը մատակարարում է ապրանքը կամ մատուցում ծառայությունը։

Հայաստանում չկան գիտական սարքեր ու փորձերի համար անհրաժեշտ նյութեր արտադրող կազմակերպություններ։ Այդ է պատճառը, որ համալսարաններն ու գիտական կազմակերպությունները դեպքերի գերակշիռ մեծամասնությունում գնումներ պետք է կատարեն արտասահմանից։

Հաշվի առնելով, որ ոչ միշտ են արտասահմանյան կազմակերպությունները մասնակցում ներհայաստանյան մրցույթներին, տարիների ընթացքում ձևավորվել են տեղական, այսպես կոչված, միջնորդ կազմակերպություններ, որոնք մասնակցում են Հայաստանում հայտարարվող մրցույթներին ու հաղթելու դեպքում արտասահմանյան կազմակերպություններից գնում ու ներկրում գիտափորձերի համար անհրաժեշտ սարքերն ու նյութերը։

Մի կողմից՝ սա դանդաղեցնում է սարքերի մատակարարումը, մյուս կողմից, հաշվի առնելով տեղափոխման ծախսերը, մաքսատուրքերն ու հարկերը, ինչպես նաև շահույթը, միջնորդ կազմակերպությունները սարքավորումները վաճառում են շատ ավելի թանկ, քան արտադրողները։

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի (ՄԿԻ) տնօրեն Արսեն Առաքելյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում նշում է՝ միջնորդ կազմակերպություններից ձեռք բերելու դեպքում սարքերի գինը թանկանում է երկուսուկեսից հինգ անգամ։

2022-ի ավարտին «Գնումների մասին» օրենքի կիրարկումն ապահովող՝ կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարվեցին՝ սահմանելով, որ յուրաքանչյուր առանձին դեպքում, հիմնավորելով գնման գործընթացի առանձնահատկությունը, պատվիրատուն կարող է դիմել կառավարությանը, ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ՝ հայցելով գնումն այլ պայմաններով իրականացնելու թույլտվություն։

Այս կարգավորումը տարածվում է նաև գիտական կազմակերպությունների վրա, որոնք կարող են հիմնավորում ունենալու պարագայում դիմել կառավարությանն ու կառավարության որոշմամբ այլ ընթացակարգով ձեռք բերել որևէ գիտասարք, եթե այն հնարավոր չէ ձեռք բերել գործող կարգավորումների շրջանակում։

Այս համատեքստում Արսեն Առաքելյանը կարևորում է, որ արտասահմանյան կազմակերպություններից գիտասարքերի ուղիղ գնումների հնարավորություն լինի ոչ միայն բացառիկ դեպքերում և կառավարության համապատասխան որոշման առկայության պայմաններում։ Նա, օրինակ, նշում է հրապարակային օֆերտաներից օգտվելու հնարավորության անհրաժեշտությունը։

«Երբ այցելում ես ինչ֊որ մատակարարի վեբկայք, կայքում դրված գինը հանդիսանում է հրապարակային օֆերտա, այսինքն՝ մատակարարն ասում է՝ ես պատրաստ եմ այս գնով վաճառել։ Մինչև այդ մենք, իհարկե, պետք է ունենանք նախապատրաստական աշխատանք, տարբեր տեղերում նայենք, համեմատենք, ընտրենք, հիմնավորենք՝ ինչու ենք մենք ուզում հենց այս սարքը, բայց հետո գնումը իրականացնենք ուղիղ վեբկայքից»։

Ֆինանսների նախարարության Գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում պարզաբանում է՝ «Գնումների մասին» օրենքի փոփոխությունների նախագծով նման կարգավորում առաջարկում են։

Մասնավորապես՝ առաջարկվում է օրենքում սահմանել հետևյալ հասկացությունները՝ 

  • մրցակցային ընթացակարգ՝ ընթացակարգ, որի շրջանակներում հայտ ներկայացնելու հնարավորություն ունեն մեկից ավելի մասնակիցներ,

  • ակտիվ մասնակցությամբ մրցակցային ընթացակարգ՝ մրցակցային ընթացակարգ, որի պատվիրատուն հրապարակում է գնման ընթացակարգի հայտարարություն և հրավեր,

  • պասիվ մասնակցությամբ մրցակցային ընթացակարգ՝ մրցակցային ընթացակարգ, որի շրջանակում պատվիրատուն չի հրապարակում գնման ընթացակարգի հայտարարություն և հրավեր։



Առաջարկվում է նաև փոփոխել գործող օրենքի 18-րդ հոդվածը՝ սահմանելով գնման հետևյալ ընթացակարգերը՝ մրցակցային ընթացակարգեր և մեկ անձից գնում։

Առաջարկվում է, որ ակտիվ մրցակցային ընթացակարգերի տեսակները, ինչպես նաև պասիվ մասնակցությամբ ընթացակարգերի կիրառման դեպքերն ու կանոնները սահմանի կառավարությունը։ Հիշեցնենք, որ օրենքի կիրարկումն ապահովում է կառավարության համախատասխան որոշումը, և նախագծի ընդունման դեպքում համապատասխան փոփոխություններ են սպասվում նաև այս որոշման մեջ։

Հենց պասիվ մրցակցային ընթակացակարգն է ամենաշատը վերաբերելի գիտասարքերի գնումներին։ Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է սահմանել պասիվ մասնակցության ընթացակարգերի հետևյալ տեսակները․

  • Հրապարակային օֆերտա՝ հրապարակային օֆերտայի կամ հրապարակային օֆերտայի հրավերի հիման վրա իրականացվող գնում։

  • Թվային խանութ՝ գնում, որն իրականացվում է լիազոր էլեկտրոնային հարթակում, որտեղ նախապես գրանցված մասնակիցները ներկայացնում են իրենց կողմից առաջարկվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների վերջնական ձևաչափերը, որոնք ենթակա չեն փոփոխման բանակցությունների արդյունքում։ Գնային առաջարկը ներկայացվում է կայուն գնով՝ բացառությամբ մատակարարման վայրի հետ կապված ծախսերի։ 

  • Հայտի ներկայացման հրավեր՝ հրավերը ներկայացնելու պահին նախորդող 6 ամիս առաջ կառավարության կողմից սահմանված ոլորտային ցուցակներում ներառված միջազգային հեղինակավոր կազմակերպությանը ներկայացվող հրավերի միջոցով իրականացվող գնում։ Յուրաքանչյուր ցուցակում պետք է ներառված լինի առնվազն 3 համադրելի կազմակերպություն, և առաջարկը ներկայացվում է ցանկում ներառված բոլոր կազմակերպություններին նույն ժամկետներում, ձևաչափով և պայմաններով։

 

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ գնումների կատարման նախընտրելի ձևը մրցակցային ընթացակարգն է, սակայն նաև հավելում՝ ապրանքի, աշխատանքի կամ ծառայության բորսաներից կամ հրապարակային օֆերտայի միջոցով իրականացված գնումները համարվում են մրցակցային ընթացակարգ։

Սերգեյ Շահանզարյանը պարզաբանում է, որ պասիվ մրցակցային ընթացակարգը հնարավորություն կտա օգտվելու ինչպես հրապարակային օֆերտաներից, այնպես էլ մրցույթ հայտարարել հեղինակավոր մատակարարների միջև, եթե շուկայում դրանք մի քանիսն են՝ խուսափելով միջնորդ կազմակերպությունների մատակարարումներից։

Գնումների քաղաքականության վարչության պետը նախագծի ևս մի առաջարկ է առանձնացնում, որն արվել է հենց գիտնականների հետ քննարկումների արդյունքում․ դրույթը վերաբերում է արտադրողների կողմից սարքերի սպասարկման և դրանց պահեստամասերի մատակարարման հնարավորությանը։ 

Գործող օրենքում արդեն իսկ կա նմանատիպ կարգավորում․ մասնավորապես՝ 23-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, որը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ։

Իսկ օրենքի կիրարկումն ապահովող՝ կառավարության որոշումը հստակեցնում է, որ 23-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ գնում իրականացնել հնարավոր է, երբ գնումը պայմանավորված է արդեն իսկ գործող համակարգերի շարունակականության ապահովմամբ, երբ լրացուցիչ ապրանքների/աշխատանքների/ծառայությունների ձեռքբերման արդյունքում կարող են առաջանալ համատեղելիության խնդիրներ։

Նախագծով առաջարկվում է ենթաօրենսդրական մակարդակում առկա այս ձևակերպումը բերել հենց «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդված։ Առաջարկվում է նաև նույն հոդվածում սահմանել, որ ի թիվս այլ պայմանների՝ գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե շուկայում առերևույթ առկա չէ այլընտրանք, որը համադրելի է որակի կամ գնի տեսանկյունից։

Նաև առաջարկվում է հոդվածում լրացում անել այն մասին, որ մեկ անձից գնումների պայմաններին համապատասխանությունը և գնման ընտրության ձևը որոշում է պատվիրատուի ղեկավարը։

Այս կետը ևս վերաբերելի է գիտասարքերի ձեռքբերմանը՝ հաշվի առնելով վերջերս ուժի մեջ մտած փոփոխությունները, որոնցով բուհերի ու գիտական կազմակերպությունների հոգաբարձուների խորհուրդներին տրվել են լրացուցիչ լիազորություններ։

Մասնավորապես, անցած տարի սեպտեմբերին ուժի մեջ մտած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով սահմանվում է, որ հանրային (պետական) բուհերը և գիտական կազմակերպություններն ունեն «Գնումների մասին» օրենքով կառավարությանը վերապահված լիազորությունները հոգաբարձուների խորհրդի կողմից իրականացնելու լիազորություն։ «Գնումների մասին» գործող օրենքում ևս անցած տարի կատարվել են համապատասխան փոփոխությունները։

«Սա նշանակում է, որ բացում եք «Գնումների մասին» օրենքը, և որտեղ գրված է՝ ինչ֊որ մի պայման սահմանում է կառավարությունը կամ ֆինանսների նախարարությունը, ապա դա սահմանում է նաև հոգաբարձուների խորհուրդը»։

Մանրամասն բնութագրեր և մակնիշներ նշելու սահմանափակումներ

Գիտնականները բախվում են ևս մի խնդրի՝ գնման առարկների բնութագրերի համար ներկայացվող պահանջներին ու դրանց սահմանափակումներին։

Գործող օրենքի 13-րդ հոդվածը սահմանում է, որ գնման առարկայի բնութագրերը պետք է ամբողջությամբ և հստակ նկարագրեն ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության հատկանիշները, դրանց ձեռքբերման և վճարման պայմանները՝ բացառելով տարակերպ մեկնաբանությունը:

Մյուս կողմից՝ հոդվածը սահմանում է․ «Գնման առարկայի հատկանիշները չպետք է պահանջ կամ հղում պարունակեն որևէ առևտրային նշանի, ֆիրմային անվանմանը, արտոնագրին, էսքիզին կամ մոդելին, ծագման երկրին կամ կոնկրետ աղբյուրին կամ արտադրողին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ անհնար է գնման առարկայի բնութագրումն առանց դրանց: Հղումներ օգտագործելու դեպքում հատկանիշների բնութագիրը պետք է պարունակի «կամ համարժեք» բառերը»:

Արսեն Առաքելյանը նշում է՝ բալանսը պահելը դժվար է, քանի որ մի կողմից որակն ապահովելու համար մանրամասն նկարագրությունը կարևոր է, մյուս կողմից՝ չպիտի լինեն մրցակցությունը խոչընդոտող ձևակերպումներ։ 

«Օրինակ՝ մենք գիտնականներին ուղարկում ենք արտասահման գործուղման, նրանք աշխատում են կոնկրետ սարքավորումներով, կոնկրետ նյութերով, որևէ մեթոդ են յուրացնում, բայց նրանց վերադառնալուց հետո մենք փաստացի այդ մեթոդը չենք կարող այստեղ վերարտադրել, քանի որ խնդիր ունենք բնութագրերի ձևակերպման հետ․ չենք կարող, օրինակ, գրել՝ գիտնականը սովորել է աշխատել այս սարքով և նյութով, և մենք ուզում ենք ձեռք բերել հենց դրանք»։

Սերգեյ Շահնազարյանը բացատրում է, որ եթե գործող օրենքում մակնիշ գրելիս այլընտրանքներ նշելը պարտադիր է, ապա նախագծով առաջարկվում է հիմնավորում ունելու պարագայում չունենալ այլընտրանքներ։

Առաջարկվում է, մասնավորապես, օրենքում ունենալ հետևյալ ձևակերպումը․ «Գնման առարկայի հատկանիշները չպետք է պահանջ կամ հղում պարունակեն որևէ առևտրային նշանի, ֆիրմային անվանմանը, արտոնագրին, էսքիզին կամ մոդելին, ծագման երկրին կամ կոնկրետ աղբյուրին կամ արտադրողին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ առանց դրանց գնման առարկայի բնութագրումը կարող է հանգեցնել որակի էական անհամապատասխանության ռիսկի: Հղումների օգտագործման դեպքում օգտագործվում է առնվազն երկու միմյանցից տարբերվող հղում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ պատվիրատուի հիմնավորված որոշմամբ նման կիրառումը հնարավոր չէ»։

Սերգեյ Շահնազարյանը շեշտում է՝ այս կարգավորման համար սահմանափակումներ են գործում այն դեպքում, երբ միևնույն մակնիշի արտադրանքը շուկայում ունի մի քանի մատակարարներ։

Գիտնականները պարտավորվում են «Գնումների մասին» օրենքին հետևել նաև այն դեպքերում, երբ գնումներ են իրականացնում միջազգային դրամաշնորհային միջոցներով։ Այս դրույթը, սակայն, չի նախատեսվում փոխել։

Սերգեյ Շահնազարյանը բացատրում է՝ գիտական կազմակերպությունները և համալսարանները, պայմանավորված իրենց կազմակերպաիրավական ձևերով (ՊՈԱԿ-ներ և հիմնադրամներ), «Գնումների մասին» օրենքով համարվում են պատվիրատու, հետևապես՝ անկախ ֆինանսական միջոցի ձագման աղբյուրից, պետք է գնումներն իրականացնեն՝ ըստ օրենքի։

Բացառություն են միայն այն միջազգային պայմանագրերը, որոնք վավերացնում է Ազգային ժողովը, քանի որ դրանք գերակայում են Հայաստանի օրենքների նկատմամբ։ Սերգեյ Շահնազարյանը նշում է՝ եթե կլինեն Ազգային ժողովի վավերացրած այնպիսի պայմանագրեր, որոնցով գնման այլ ընթացակարգեր կսահմանվեն, ապա հետազոտական կառույցները կարող են առաջնորդվել այդ ընթացակարգերով։ Նման ընթացակարգեր սահմանված չլինելու դեպքերում Հայաստանի հանրային (պետական) հետազոտական կառույցները պարտավոր են հետևել «Գնումների մասին» օրենքի կարգավորումներին։

Կապիտալ ծախսերով գնումները

Կարևոր է շեշտել, որ ոչ բոլոր գիտասարքերի գնումներն են իրականացնում գիտական կազմակերպությունները և համալսարանները։ 2023-ից գիտասարքերը ձեռք են բերվում նաև պետբյուջեի կապիտալ ծախսերով, և համաձայն օրենսդրական կարգավորումների՝ կապիտալ ծախսերով գնումներն իրականացնում են գերատեսչությունները։ Հետևաբար՝ խոշոր սարքավորումների գնումներն իրականացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն (ԲԿԳԿ)։ 

Իհարկե, ԲԿԳԿ-ն գնման գործընթացում ակտիվ համագործակցում է գիտնականների հետ, քանի որ հենց վերջիններս են ներկայացնում գիտասարքերի բնութագրերը։

Այսպիսով, այն բոլոր կարգավորումները, որոնք լրացուցիչ լիազորություններ են տալիս հոգաբարձուների խորհրդին, վերաբերում են միայն ոչ կապիտալ ծախսերով ձեռք բերվող փոքր սարքերի և նյութերի ձեռքբերմանը։

ԲԿԳԿ նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում նշում է՝ քիչ չեն դեպքերը, երբ իրենց հայտարարած մրցույթներին մասնակցում են արտադրող կազմակերպությունները, հաղթում, և գնումը իրականացվում է հենց նրանցից։

ԲԿԳԿ նախագահ Սրագիս Հայոցյանն էլ մեզ հետ զրույցում կարծիք է հայտնում, որ գնումների գործընթացում հիմնական խնդիրը մարդկային կարողություններն են։ Նա նշում է՝ «Գնումների մասին» օրենքով նախատեսված ընթացակարգերն, իհարկե, ջանքեր են պահանջում ցանկալի արդյունքին հասնելու համար, բայց նաև պետք է հաշվի առնել, որ նոր նախագծով առաջարկվում են ձևակերպումներ առանձնահատուկ գնումների համար։

Այս խնդրի լուծում ԲԿԳԿ նախագահը համարում է գիտական կազմակերպություների խոշորացումը և բուհերում ինտեգրումը, ինչը, նրա խոսքով, հնարավորություն կտա ավելի քան 40 ցածր վարձատրվող գնումների մասնագետների փոխարեն ունենալ բարձր վարձատրվող քիչ մասնագետներ (խոշորացման և միավորման գործընթացի մասին մանրամասն կարդացեք այստեղ

Հետազոտական դրամաշնորհներն ու «Գնումների մասին» օրենքը

Գիտական կազմակերպություններն ու համալսարանները գնումների մի զգալի մաս իրականացնում են ԲԿԳԿ հայտարարած դրամաշնորհային մրցույթների շրջանակում ստացած ֆինանսավորմամբ։ 

Դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ կնքվող պայմանագրերում ԲԿԳԿ-ն պարտադիր նշում է անում այն մասին, որ հատկացվող ֆինանսական միջոցները պետք է ծախսվեն «Գնումների մասին» օրենքի դրույթներին համապատասխան։

Սերգեյ Շահնազարյանի խոսքով՝ Ֆինանսների նախարարությունը գիտնականների հետ քննարկումների ընթացքում մտահոգություններ է լսել այս թեմայով։ Պաշտոնյան նշում է՝ եթե դրամաշնորհների շահառուներն անհատներ են, ապա վերջիններս պարտավորված չեն գնումներն իրականացնել օրենքի կարգավորումներին համապատասխան։

«Մեր օրենքը չի տարածվում ֆիզիկական անձին տրվող դրամաշնորհի հետագա ծախսման գործընթացի վրա․ վերաբերում է այն դեպքերին, երբ մենք դրամաշնորհը տրամադրվում է իրավաբանական անձի»։

ԲԿԳԿ նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, սակայն, պարզաբանում է՝ իրենք դրամաշնորհները տրամադրում են ոչ թե անհատներին, այլ կազմակերպություններին, և պայմանագրերը ստորագրվում են եռակողմ՝ և՛ գիտնականների, և՛ նրանց հետազոտական կառույցների հետ։ Այդ է պատճառը, որ Կոմիտեն պայմանագրերում ավելացնում է «Գնումների մասին» օրենքին համապատասխան գնումներ իրականացնելու կետը։

Արթուր Մովսիսյանը նշում է՝ դրամաշնորհները ենթադրում են խոշոր գումարներ, ու դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է այդ խոշոր գումարները հատկացվեն, օրինակ, որևէ գիտական խմբի ղեկավարի։

«Այդ պրակտիկան պարզապես չկա, ու կարծում եմ՝ ճիշտ էլ չէ։ Շատ տարբեր դեպքեր են լինում․ դիցուք խմբի ղեկավարը շահել է դրամաշնորհ, բայց ինչ-ինչ պատճառներով լքում է Հայաստանը, և խմբի ղեկավարի փոփոխության գործընթաց ենք իրականացնում։ Կամ եթե որևէ գիտական խմբի ղեկավար ինչ֊որ պատճառով անաշխատունակ է ճանաչվում․ ինչպե՞ս պիտի գումարը փոխանցի այլ ղեկավարի։ Կամ ինչպե՞ս պետք է խմբի ղեկավարն իր կատարողներին փոխանցումներ անի»,- այսպիսի հարցադրումներ է անում ԲԿԳԿ նախագահի տեղակալը։

Հետևաբար՝ անկախ ֆինանսավորման ձևից՝ հետազոտական կառույցները շարունակելու են հետևել «Գնումների մասին» օրենքի կարգավորումներին։

Իսկ թե օրենքում առաջարկվող փոփոխություններն ինչպես կանդրադառնան գիտասարքերի և այլ ապրանքների գնումների գործընթացի վրա, պարզ կդառնա նախագծի ընդունումից հետո։ Նախագիծն այս պահին քննարկումների փուլում է։