Ինչպես ստանալ Մերձավոր Արևելքում իրավիճակի հետևանքով Հայաստան վերադարձի ավիատոմսի փոխհատուցում. հաստատվեց կարգը

ՀՀ կառավարությունը հաստատեց Մերձավոր արևելքում ռազմական գործողություններով և անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում տրամադրելու կարգը:

Կառավարությունը յուրաքանչյուր անձի համար մինչև 250 000 դրամ փոխհատուցում կտրամադրի ՀՀ այն քաղաքացիներին, որոնց ՀՀ վերադարձի ուղիղ կամ տարանցիկ չվերթները չեղարկվել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով, և որոնք վերադարձի համար ձեռք են բերել նոր ավիատոմսեր կամ կատարել են ավիատոմսերի վճարովի փոփոխություն:

Եթե տոմսի արժեքը 250 հազարից պակաս է, ապա փոխհատուցումը տրամադրվում է փաստացի վճարված գումարի չափով:

Վերոնշյալը վերաբերում է միայն 2026թ. փետրվարի 28-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացու անձնագրով գնված ավիատոմսերին։

Որոշման գործողությունը տարածվում է նաև ուսումնառության նպատակով ԱՄԷ, Կատար, Քուվեյթ, Իսրայել մեկնած ՀՀ այն քաղաքացիների վրա, որոնք, անվտանգային իրավիճակով պայմանավորված, 2026թ. փետրվարի 28-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում վերադարձել են Հայաստան:

Փոխհատուցումը ստանալու համար Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (е-request.am) միջոցով անհրաժեշտ է ՀՀ ԱԳՆ ներկայացնել փոխհատուցման հայտ՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝

1) ՀՀ քաղաքացու անձը հաստատող վավեր փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ).

2) ընտանիքի՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող անդամի (ծնող, ամուսին, երեխա, քույր, եղբայր) համար դիմելու դեպքում՝ ընտանեկան կապը հավաստող փաստաթղթերը (ծննդյան վկայական, ամուսնության վկայական և այլն) և ՀՀ քաղաքացու անձը հաստատող վավեր փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ).

3) այն ավիատոմսը, որով ՀՀ նախատեսված թռիչքը չեղարկվել է, կամ որը ենթարկվել է վճարովի փոփոխության.

4) թռիչքի չեղարկումների վերաբերյալ ծանուցումներ.

5) ՀՀ վերադարձի նոր գնված կամ լրացուցիչ վճարով փոփոխված ավիատոմսը,

6) ծախսերի փաստացի կատարված վճարման ապացույցը (անդորրագիր),

7) բանկային հաշվեհամար (ՀՀ առևտրային բանկում).

8) գրավոր համաձայնություն՝ հայտի հետ կապված տեղեկությունների համապատասխանությունը ստուգելու, այդ թվում՝ ՀՀ իրավասու մարմիններից և ավիաընկերություններից տեղեկություններ ստանալու եղանակով.

9) ուսման նպաատակով մեկնածների դեպքում՝ համապատասխան ուսհաստատությունում ուսանելը հավաստող փաստաթուղթ։

Հայտը ուսումնասիրվում է դրա ստացման պահից 15-օրյա ժամկետում։ Հայտը բավարարվելու դեպքում նշվում է փոխհատուցման ենթակա գումարի չափը, իսկ մերժման դեպքում՝ մերժման պատճառը։ Փաստաթղթերի թերի լինելու կամ լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության դեպքում՝ դիմողին առաջարկվում է եռօրյա ժամկետում լրացնել դրանք։

Հաստատված հայտերը ԱԳՆ-ն եռօրյա ժամկետում փոխանցում է Ֆինանսների նախարարություն՝ փոխհատուցման ենթակա գումարը հնգօրյա ժամկետում քաղաքացու բանկային հաշվեհամարին փոխանցելու նպատակով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն