armenpress.am Իրանի պատվիրակությունն ապրիլի 9-ի երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար: Այս մասին հայտնել է Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մոգադամը։
«Չնայած իրանական հասարակության մեջ առկա թերահավատությանն Իսրայելի վարչակարգի կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումների պատճառով, որոնց նպատակն է խափանել դիվանագիտական նախաձեռնությունը, (Պակիստանի) վարչապետ Շեհբազ Շարիֆի հրավերով այսօր երեկոյան իրանական պատվիրակությունը կժամանի Իսլամաբադ՝ լուրջ բանակցություններ վարելու՝ Իրանի կողմից առաջարկված 10 կետերի հիման վրա», – գրել է նա X-ում։
Պակիստանում Իրանի դեսպանը ավելի ուշ X-ի իր էջից հեռացրել է հրապարակումը:
Հիշեցնենք՝ մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հորմուզի նեղուցը բացելու վերջնաժամկետ էր տվել՝ սպառնալով «մի ամբողջ քաղաքակրթություն ոչնչացնել»: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր դիվանագիտական բոլոր ուղիները և անուղղակի բանակցությունները սառեցնելու մասին:
Ավելի ուշ Պակիստանի միջնորդությամբ կողմերը երկշաբաթյա հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել։ Թրամփը հայտարարել է, որ համաձայնության են եկել Իրանի ներկայացրած 10-կետանոց առաջարկի շուրջ՝ այն համարելով «բանակցությունների համար կիրառելի հիմք»։ Իսկ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ «2 շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը հնարավոր կլինի՝ Իրանի ԶՈւ հետ համակարգմամբ և տեխնիկական սահմանափակումները պատշաճ հաշվի առնելով»։