Հրազդանի կիրճում հանգստի գոտի կստեղծվի․Կառավարությունը հաստատեց նախագիծը | armenpress.am

armenpress.am Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց Հրազդանի կիրճում հանգստի գոտի ստեղծելու վերաբերյալ նախագիծ, որի իրականացման նպատակով Երևանի քաղաքապետարանին կտրամադրվի 172 միլիոն դրամ։

Նախագծի վերաբերյալ հարցը քննարկվեց և ընդունվեց Կառավարության ապրիլի 9-ի նիստում։

«Նախագծով առաջարկվում է 172 միլիոն դրամի վերաբաշխում իրականացնել և Երևանի քաղաքապետարանին գումար հատկացնել»,-նշեց Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նախագծի մանրամասները ներկայացրեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ շեշտելով, որ ծրագիրը իրականացվելու է Հրազդանի կիրճի սկզբնամասից հաշված՝ մոտ 5,5 կմ հեռավորության վրա՝ Արաբկիր վարչական շրջանում։

Ավինյանը նշեց, որ ծրագիրը ներառում է կիրճի բարեկարգման ընդհանուր ծրագիր, նոր լանդշաֆտ և ճարտարապետական լուծումներ, հարմարավետ զբոսայգի, հանգստի գոտիներ, սպորտային միջոցառումների անցկացման հարթակներ, կինոդիտման վայր, ինչպես նաև սրճարան, որը կդառնա սոցիալական շփումների կենտրոն։

«Ընդհանուր առմամբ, սա կիրճի վերակազմավորման, վերաձևավորման կոնցեպտի մեջ է մտնում։ Մենք խորը վերլուծություն ենք իրականացրել ամբողջ կիրճի վերաբերյալ, հստակ սահմանագծել ենք կիրճը և սպասում ենք Շրջակա միջավայրի նախարարության կողմից օրենսդրական փոփոխություններին, որից հետո Երևանի ավագանին ամբողջ կիրճը կճանաչի որպես համայնքային հատուկ պահպանվող տարածք»,-ասաց Ավինյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին արձանագրեց, որ նախագիծը շատ լավն է և նպատակ ունի քաղաքացիների և հատկապես սպորտով զբաղվող և կիրճում այդ նպատակով ժամանակ անցկացնող քաղաքացիների համար այն դարձնել ավելի հարմարավետ։ Վարչապետը նաև նշեց, որ կիրճի տարածքը օդի որակի բարձրացման առումով շատ մեծ պոտենցիալ ունի։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելեց, որ շատ շուտով արդեն բուն շինարարական աշխատանքները սկսվելու են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն