arm.sputniknews.ru Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Աբբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում երրորդ հեռախոսազրույցն են ունեցել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնել են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունից:
«Մեր արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նրանք քննարկել են տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող զարգացումները», – ասվում է հաղորդագրության մեջ։
Այլ մանրամասներ Իրանի ԱԳՆ-ն չի ներկայացրել։
Նախորդ անգամ նախարարները շփվել են ապրիլի 5-ին։
Հիշեցնենք՝ մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հորմուզի նեղուցը բացելու վերջնաժամկետ էր տվել՝ սպառնալով «մի ամբողջ քաղաքակրթություն ոչնչացնել»: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր դիվանագիտական բոլոր ուղիները և անուղղակի բանակցությունները սառեցնելու մասին:
Ավելի ուշ Պակիստանի միջնորդությամբ կողմերը երկշաբաթյա հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել։ Թրամփը հայտարարել է, որ համաձայնության են եկել Իրանի ներկայացրած 10-կետանոց առաջարկի շուրջ՝ այն համարելով «բանակցությունների համար կիրառելի հիմք»։ Իսկ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ «2 շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը հնարավոր կլինի՝ Իրանի ԶՈւ հետ համակարգմամբ և տեխնիկական սահմանափակումները պատշաճ հաշվի առնելով»։