Մալաթիա տոնավաճառի սկզբնամասում արդեն կարելի է հնդկական մի քանի խանութ հաշվել։ Ապրանքները հենց Հնդկաստանից են բերված ու հայկական շուկային հիմնականում անծանոթ են։ Խանութի վաճառողները հայախոս հնդիկներ են՝ սահմանափակ աշխատանքային բառապաշարով։ Ասում են, որ չնայած հաճախորդները մեծ մասամբ հնդիկներ են, բայց հայերն էլ են արդեն սովորել։ Վաթսունին մոտ մի կին է մտնում խանութ, մի քանի տուփ հնդկական թեյ վերցնում, զարմանում, թե ինչու մյուս գույներից չեն ստանում, էլի մի քանի տեսակ համեմունք ընտրում ու գնում։
Եթե Երևանի կենտրոնական հատվածներում հայերի ու հնդիկների շփման հնարավորությունը սահմանափակվում է միայն սննդի առաքման շրջանակում, որը հիմնականում բանավոր խոսք էլ չի ներառում, ապա «Մալաթիա» տոնավաճառում այս երկու ժողովուրդների շփումն ավելի հաճախ է, և նույնիսկ հայերեն խոսող հնդիկներն այլևս տեղացիներին չեն զարմացնում։ Շուկայի շրջակայքում մի քանի վարսավիրանոց կա, աշխատողները և սպասարկվողները հիմնականում հնդիկներ են, գործը եռում է, իսկ շուրջը խմբվել են բազմաթիվ երիտասարդներ։
Ջոբանը 35 տարեկան է և արդեն 9 տարի է՝ Հայաստանում է ապրում։ Այստեղ նա մի քանի սննդի կետ ու վարսավիրանոց ունի։ Ջոբանն էլ մյուս հնդիկների նման տարիներ առաջ եկել է Հայաստան՝ աշխատանք գտնելու, ժամանակի ընթացքում տարբեր աշխատանքներով է զբաղվել։ Նա այստեղ ամուսնացել է հայ կնոջ հետ, փոքրիկ աղջիկ ունի։ Ասում է՝ թեև Հայաստանում են ապրում, բայց ինքը շատ կուզի, որ աղջիկն իր լեզուն էլ սովորի։ Աշխատանքի բերումով Ջոբանը Հայաստանում ապրող հնդիկների հետ մշտական շփման մեջ է, գիտի նրանց պատմություններն ու խնդիրները։
«Ինձ մոտ հաճախ են գալիս հնդիկ տղամարդիկ տարբեր հարցերով, ինձ են դիմում քանի որ խոսում եմ հայերեն, արդեն երկար ժամանակ այստեղ եմ ապրում ու շատերին եմ ճանաչում։ Ամենից հաճախ խնդրում են օգնել իրենց գործատուներից աշխատած գումարը ստանալու հարցում։ Նման դեպքերով շատ են գալիս, երբ գործատուն աշխատեցնում է որոշ ժամանակ, հետո հրաժարվում աշխատավարձ տալ։ Այս մարդիկ էլ լեզուն չգիտեն, չեն կարող ոստիկանություն գնալ, փաստաթղթեր չունեն, էդ դեպքում ավելի վատ կլինի իրենց համար, հնարավոր է՝ հետ ուղարկեն, դրա համար էլ այստեղ են գալիս։ Ես զանգում եմ, խոսում եմ այդ գործատուների հետ, ասում, որ պետք է վճարել այս մարդկանց, որոշները տալիս են գումարը, որոշներն այդպես էլ չեն տալիս։ Պատահում է, որ ինքս եմ ահարմարությունների մեջ ընկնում ուրիշների թեմաների պատճառով»։
Ջոբան
24-ամյա Սանին, արդեն երկու ամիս է, չի կարողանում աշխատած գումարը հետ ստանալ։ Ամեն անգամ զանգելիս գործատուն տարբեր ժամկետներ է ասում ու նորից չի վճարում։ Սանին Ջոբանին ճանաչում է, խնդրել է, որ վերջինս զանգի, բայց գումարը դեռ չկա։
«Երկու ամիս իր մոտ աշխատել եմ, սկզբում մի քիչ տալիս էր սննդի համար, հետո էլ ոչ մի բան չտվեց։ Միայն հեռախոսի մեջ գրում էր, թե ինչքան պիտի տա, բայց ոչ մի բան էլ չի տալիս։ Ասել էի, որ տան վարձ պիտի տամ, կոմունալներ, բայց էլի աշխատածս փողը` մոտ 250 հազար [դրամ], չտվեց, ստիպված Հնդկաստանից ծնողներս ուղարկեցին։ Ընկերոջս էլ էի կանչել, որ ինձ հետ աշխատի էդ մարդու մոտ, իրեն էլ փող չի տվել։ Մեզ ասում է՝ փող չկա, բայց մի քանի օր առաջ ռեստորանում ծնունդ է նշել․ այդտեղ աշխատող իմ ծանոթն է ինձ պատմել»,- ասում է Սանին։
Նրա նախկին գործատուն մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ մի քանի օրվա ընթացքում գումարը անպայման կվճարի, սակայն նույն խոստումը, արդեն մի քանի ամիս է, նա Սանիին էլ է տալիս։
Հայաստանում սա Սանիի աշխատանքային առաջին վատ փորձառությունը չէ։ Վեց տարի առաջ նա Փունջաբից Հայաստան է եկել գործակալի միջնորդությամբ, ինչը ընդունված երևույթ է Հնդկաստանում։ Գործակալն ասել է, որ Հայաստանում շատ գործ կա՝ կահույքի արտադրամասում, սուպերմարկետում կամ այլ վայրերում, ասել է, որ իրենք վիզայի և կեցության հարցերը կկարգավորեն։ Հայաստան գալու համար Սանին 2000 դոլար է վճարել, հետո այստեղ հասնելուն պես գործակալը անհետացել է՝ առանց աշխատանք ու կեցավայր տրամադրելու։ Սանին գնացել է Կապան՝ դպրոցի շինարարությունում աշխատելու համար, մի քանի ամիս աշխատել է, իսկ երբ հիմնական գումարը՝ մոտ 400 հազար դրամ աշխատավարձը ստանալու մասին բարձրաձայնել է, գործատուն հետը արհեստականորեն կռիվ է սկսել ու դուրս հանել առանց վճարելու։
«Էնտեղ էլի հնդիկներ էին աշխատում, ու առնվազն մի քանի հոգու ես գիտեմ, որոնց գումարը չտվեց։ Էդ տղաները գնացին ոստիկանություն, բայց էդ մարդը (անունը Վարդան էր) դրանից հետո էդ տղաներին ծեծեց ու դուրս հանեց, որովհետև գնացել էին ոստիկանություն։ Ինձ էլ չտվեց աշխատածս․ մեծ գումար էր, ու աշխատանքն էլ, որ արել էի, բետոնի ծանր գործ էր»,- ասում է Սանին։
Դրանից հետո Սանին Կապանի պիցցերիաներից մեկում աշխատանք գտավ, որտեղ նրան գրանցեցին ու կացության իրավունք տվեցին։ Որոշ ժամանակ Կապանում աշխատելուց հետո որոշեց գալ Երևան, և հնարավոր է՝ շուտով Հնդկաստան վերադառնա։
«Մեզ էստեղ շատ են խաբում, ագենտներն՝ իրենց հերթին, տեղացիներն՝ իրենց, ու ոչ միայն ինձ, շատ ծանոթ տղաներ, ընկերներ նույն բանն են պատմում։ Շատերը փաստաթղթեր էլ չունեն, քանի որ այդ միջնորդները սկզբում խոստանում են օգնել, հետո կորում են, իսկ Հայաստանում շատ քիչ տեղեր կան, որ գրանցում են աշխատողներին։ Ծնողներս ինձ ասում են՝ արի Հնդկաստան, ինչի ես մնացել էդտեղ, ու ես էլ արդեն սկսել եմ մտածել էդ ուղղությամբ»։
Սանի
Նրա պատմությունը լսելուց հետո այլ հնդիկ միգրանտներ, որոնք նույն խնդրին էին բախվել, պարբերաբար փորձում էին մեզ հետ կապվել իրենց պատմությունը ներկայացնելու համար, քանի որ առանց պատշաճ փաստաթղթերի Հայաստանում նրանց իրավունքների պաշտպանության շրջանակը խիստ նեղանում է։ Եվ հաճախ հարցը ծանոթ-ընկերական կապերով լուծելու ապարդյուն փորձերը սպառելուց հետո միակ լուծումը դառնում է համակերպումը։
Համաձայն վիճակագրական տվյալների՝ Հայաստանի նկատմամբ հնդիկների հետաքրքրությունը սկսել է աճել՝ 2018 թվականից սկսած։ Այդ տարի Հայաստան մուտք են գործել Հնդկաստանի 31 213 քաղաքացիներ։ Համեմատության համար 2017-ին Հայաստան են եկել 11 589, իսկ 2016-ին՝ 4 226 հնդիկ։ Թեև տարվա ընթացքում Հայաստան մտնող և դուրս եկող հնդիկների թվի տարբերությունը մեծ չէ, սակայն տարիների ընթացքում կուտակվելով՝ թիվը աճում է։
Հայաստան հնդկաստանի քաղաքացիները հիմնականում գալիս են երկրի առավել աղքատ շրջաններից աշխատանք գտնելու ակնկալիքով։ Թեև նրանց թիվը Հայաստանում ընդհանուր բնակչության շատ քիչ տոկոսն է կազմում, նախորդ տարվա դեկտեմբերի դրությամբ՝ 0.6-0.7%, սակայն պատմականորեն մոնոէթնիկ Հայաստանում հնդիկների ներկայությունը սկզբում արտասովոր էր, իսկ հետո պարբերաբար շահարկվում էր տարբեր մանիպուլյատիվ խոսույթների շրջանակում։
Հայաստանը, սակայն, հնդիկների համար պարզապես մեկն է այն բազմաթիվ ուղղություններից, որտեղ նրանք հաստատվում են աշխատելու համար։ Հնդկաստանը աշխարհում աշխատանքային միգրանտների ամենամեծ աղբյուր հանդիսացող երկիրն է։ Ընդ որում, տարբեր երկրներ կրթական տարբեր մակարդակներ ունեցող հնդիկ միգրանտներ են մեկնում․ եթե Հայաստան եկածները մեծ մասամբ չունեն բարձրագույն կրթություն և ներգրավված են ցածր վարձատրվող աշխատանքներում, ապա, օրինակ, ԱՄՆ կամ Կանադա մեկնում են մեկ կամ մի քանի բարձրագույն կրթություն ոնեցողները, որոնք զբաղեցնում են աշխատանքային շուկայի առավել բարձր օղակները՝ մրցունակ աշխատավարձերով։
Ազգային անվտանգության ծառայությունից «Ինֆոքոմին» հայտնել են, որ նախորդ տարվա դեկտեմբերի դրությամբ Հայաստանում գտնվել է 17 980 հնդիկ, որից 8915-ը (50%)` անօրինական, այսինքն ճամփորդական վիզայի թուլատրելի 180 օր ժամկետը լրանալուց հետո չեն ունեցել կացության վավեր կարգավիճակ:
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Տաթևիկ Վարդանյանը, որ համահեղինակել է «Հնդկաստան. պետություն, տնտեսություն, Հայաստանի հետ հարաբերությունների հեռանկարներ» հետազոտությունը, ասում է, որ Հայաստանը, երկար ժամանակ լինելով միգրացիայի ծագման երկիր, սովոր չէ լինել միգրացիայի ընդունող երկիր, հետևաբար, նոր է սկսում ընտելանալ այս երևույթին։ Դա ներառում է կարգավորումներ ունենալ, դրանք դնել կիրառության մեջ և այլն։
«Միգրացիայի խնդիրն ամենուր է, ու չկա որևէ երկիր, որ կարողացել է վերջնականապես լուծել անօրինական միգրանտների հարցը։ Օրինակ՝ Աֆրիկայից դեպի Եվրոպա կամ Մեքսիկայից դեպի Ամերիկա մշտապես միգրանտների հոսք կա, ընդ որում՝ նաև անօրինական։ Այս միջանցքները փակելը ժամերի հարց է, բայց ոչ մեկը դա չի անում, քանի որ գիտեն, որ կան աշխատանքներ, որ այդ միգրանտներով պիտի լրացվեն։ Միգրանտները, որոնք հատկապես անօրինական են հայտնվում որևէ երկրում, կատարում են այնպիսի աշխատանքեր, որոնք տեղացիները չեն անում, հետևաբար այդ երկրում մրցակից չեն լինում տեղացիներին»։
Տաթևիկ Վարդանյան
ՊԵԿ-ի մեզ տրամադրած տվյալների համաձայն, 2025 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ Հայաստանում բնակվող հնդիկ միգրանտներից վարձու/պայմանագրային հիմունքներով հաշվառված է 1476-ը։ Սրանք այն մարդիկ են, որոնք Հայաստանում ունեն վավեր կացության իրավունք և հետևաբար՝ հաշվառված են Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից։ Այս թիվը, որը Հայաստանում գտնվող հնդիկների ընդհանուր թվի 10%-ից էլ քիչ է, նշանակում է, որ նրանց մեծ մասը որևէ կերպ գրանցված չէ, ուստի հարկային դաշտում անտեսանելի է։ Հնարավոր է նաև, որ այս թիվը մի փոքր ավելին է, քանի որ, ըստ ՊԵԿ-ի հաղորդման, ևս 4522 օտարերկրացի աշխատում է Հայաստանում, սակայն չունի կեցության իրավունք, ուստի քաղաքացիության վերաբերյալ մուտքագրված տվյալներ չկան։
Հնդիկները հիմնականում ներգրավված են հագուստի արտադրության, բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարության, ծառայությունների և այլ՝ հիմնականում ֆիզիկական աշխատանք պահանջող ոլորտներում։ Տարբեր ոլորտներում հնդիկ աշխատողների ներգրավվածության մասին տեղեկատվությունը ևս տրամադրել է ՊԵԿ-ը։
«Տնտեսության շատ պարզ մոդել է․ կա պահանջարկ՝ կա առաջարկ։ Տարիներ շարունակ Հայաստանում եղել է ցածր որակավորում ունեցող մասնագետների պակաս, որը տեղացիներով չի լրացվել, հետևաբար դրանք պետք է լրացվեին միգրանտների հաշվին։ Մենք հիմա տեսնում ենք՝ երկրում շինարարական բում է, դրան բնականաբար նպաստել են նաև հնդիկ միգրանտները։ Եթե այս փուլում կտրուկ քայլերի գնանք կարգավորումների հարցում, ապա այն կդանդաղի, առաջինը կտուժի նույն սննդի առաքման ոլորտը։ Սրանք այն աշխատանքներն են, որ տեղացիներից շատ քչերն են անում, և միգրանտների բացակայությունը մեծապես կազդի նաև մարդկանց հարմարավետության վրա»։
Տաթևիկ Վարդանյան
Այնուամենայնիվ միգրանտը, որը չունի տվյալ երկրում գտնվելու համար ահնրաժեշտ փաստաթղթեր, հետևաբար նաև աշխատանքային պայամանագիր, չունի իր իրավունքները իրացնելու որևէ միջոց, ինչից որոշ գործատուներ հաճախ օգտվում են։ Վերջին աղմկահարույց դեպքը տեղի էր ունեցել նախորդ տարվա ամռանը, երբ Իջևանի կարի արտադրամասում աշխատող հնդիկ միգրանտները գործադուլ էին իրականացրել՝ պահանջելով երեք ամսվա չվճարված աշխատավարձը, ինչպես նաև խոսել էին ֆիզիկական և հոգեբանական ճնշումների մասին։
ՆԳՆ Միգրացիոն ծառայությունից «Ինֆոքոմին» հայտնել են որ 2025-ի դեկտեմբերի դրությամբ Հայաստանում ժամանակավոր և մշտական կացության իրավունք ունի 3063 (ներառյալ ուսանողներ) հնդիկ։ Այսինքն, եթե նույն ժամանակհատվածում Հայաստանում գտնվել է Հնդկաստանի ընդհանուր 17 980 քաղաքացի, որից 8915-ը՝ առանց փաստաթղթերի, ստացվում է, որ մնացած 6002-ը երկրում են եղել ճամփորդական վիզայի ընձեռած 180 օր ժամկետի շրջանակում, որի ավարտից հետո չի բացառվում, որ կշարունակեն գտնվել Հայաստանում առանց օրինական հիմքի։
«Էնպես չի, որ հնդիկները չեն ուզում օրինական թուղթ ունենան էստեղ աշխատելու համար, ուղղակի եթե գործակալը խաբում է, իսկ հետո աշխատանքի ժամանակ ոչ մեկը չի ուզում գրանցի իրենց, ո՞նց պիտի օրինական լինեն։ Շատերը գալիս են էստեղ, գումար են ծախսում, հետո տեսնում են, որ իրենց նկարագրած տեղը չի, մի ամիս աշխատում են, էդ գումարով տոմս են առնում ու հետ գնում»։
Սանի
Տաթևիկ Վարդանյանի խոսքով՝ Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը մի քանի գործոնների հաշվին բավականին աշխուժացել է, օրինակ՝ ռուս ռելոկանտների կամ միգրացիայի աճով պայմանավորված, բայց դրանք կարճաժամկետ օգուտներ են ու պետք է կառավարավեն այնպես, որ երկարաժամկետ և կայուն զարգացման վերածվեն։
«Անօրինական միգրանտները, թեև հարկային դաշտում չեն, սակայն տնտեսության համար կարևոր նշանակություն ունեն, քանի որ ինքերս չենք կարողանում մեր ռեսուրսներով բավարարել եղած պահանջարկը։ Այստեղ միշտ չէ, որ կարելի է ռադիկալ քայլերի դիմել ու ամեն ինչ փակել։ Այո, համակարգը վատն է, որը աշխատում է լավ, հիմա մեզ պետք է ստեղծել մի համակարգ, որը և՛ լավն է, և՛ աշխատում է լավ, սակայն սա պետք է աստիճանաբար փոփոխվի։ Ի վերջո, միգրացիան մարդկանց մասին է, և դու չես կարող առաջնորդվել միայն չոր հաշվարկներով կամ սկզբունքներով, քանի որ գործ ունես ամիջապես մարդու հետ ու պետք է փորձես քո քաղաքականությամբ չվնասել այդ մարդկանց»,- ասում է փորձագետը։
Վերջին մի քանի տարիների ընթացքում Հնդկաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ Հայաստանում ենթարկվել են վարչական պատասխանատվության, 2024-ին՝ 16 643 մարդ, իսկ 2025-ին ավելի քիչ՝ 6549։ ՆԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանում անօրինական գտնվելու պարագայում օտարերկրացիները տուգանվում են 50 հազար դրամով, որը վճարելու դեպքում օտարերկրացու՝ ՀՀ մուտքի վրա արգելք չի դրվում, իսկ չվճարելու դեպքում սահմանվում է մեկամյա արգելք։ Ինչպես նաև, եթե օտարերկրացին կամավոր չի հեռանում Հայաստանի Հանրապետության տարածքից, ապա Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հարուցում է արտաքսման վերաբերյալ գործ և ներկայացնում այն ՀՀ վարչական դատարան։
Փաստացի բազմաթիվ միգրանտներ շարունակում են ապրել Հայաստանում առանց օրինական փաստաթղթերի և առանց կոշտ կարգավորումների, քանի որ անհրաժեշտ են բիզնեսին՝ որպես ամեն ինչին հարմարվող, խոցելի կարգավիճակով, հետևաբար շատ աշխատող և քիչ վարձատրվող աշխատուժ։
Լուսանկարները՝ Տաթևիկ Աբրահամյանի