ԱԱԾ տնօրենն ինձ ասաց՝ եթե մանդատս վայր դնեմ, այդ ոչխարների թեման արանքից դուրս կգա. դա վարչապետի հրահանգն էր. Աղազարյան | news.am

news.am Կա՞ Հայաստանում քաղաքական գործիչ կամ անհատ, որի նկատմամբ որևէ քրեական գործ հարուցելուց հետո դառնում է ընդդիմադիր հայացքների տեր, իհարկե կա. կա՞ արդյոք Հայաստանում քաղաքական գործիչ կամ անհատ, որի հանդեպ քրեական գործ է սարքվում, իհարկե կա. երկուսն էլ կա։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Կգա՞ մի ժամանակ, որ մարդիկ կկարողանան ապացուցել, որ իրենք 100 տոկոսով անմեղ են և իրենց վրա գործ է սարքվել։ Որևէ մեկը դա չի կարող անել, որովհետեւ այդ նստվածքը մնալու է։ Հետևաբար, ես լինելով ԱԺ պատգամավոր և անցնելով այս գործընթացների միջով, շատ բան տեսա և հասկացա, թե ինչ է նշանակում պետական ռեպրեսիվ ապարատ և դրա դեմ քաղաքացին անհատը ինչ դժոխքի միջով կարող է անցնել և շատ դժվար է այդ ամենին դիմանալը»,–ասաց նա։

Անդրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեական գործին, Աղազարյանն ասաց. «Հիմա դատական գործընթացը գնում է և արդեն հասել ենք ապացույցների փուլ և կտեսնենք թե այդ դեպքերը ոնց են զարգանում։ Բայց այդ գործը թափ հավաքեց այն բանից հետո, երբ ես մերժեցի վարչապետի տխրահռչակ խնդրանքը, հայտնի SMS–ը։ Դրանից հետո ոչ միայն թափ հավաքեց, այլ մի հատ ուրիշ գործ էլ եկավ, ավելացավ՝ այդ 23000 դոլարի կաշառքը։ Դրա հետ կապված ես մեկ տարի առաջ դիմել էի իրավապահ մարմիններին և իրենք գործ չէին հարուցել։

Հիմա այդ գործը բերեցին մի շատ հետաքրքիր հավելումով, թե իբր Աղազարյան Հովիկը 8 հազար դոլարանոց մատանի է նվիրել իր ընկերուհուն։ Եվ դա վարչապետը իմացել է, առանց վարչապետի թույլտվության դատախազը չէր համարձակվի այդպիսի գործով մտնել խորհրդարան, որովհետև դա արդեն կաշառքի դասական տարբերակ է։ Ի՞նչ եղավ նախաքննության ընթացքում այդ 8000 դոլարանոց մատանին որ ինչ-որ մեկը իմ անունից նվիրել էր իմ ընկերուհուն, դուրս եկավ արանքից չկա։ Ստացվեց, որ էդ ինչ-որ մեկը իմ խնդրանքով արդեն ոչ թե 8000 այլ 800 դոլարանոց մատանի է առել, տվել ինձ, որպեսզի ես նվիրեմ իմ ընկերուհուն։ Այսինքն ես չէի կարող 800 դոլարը վերցնեի, գնայի մատանի առնեի իմ ընկերուհու համար։ Դա էլ կժխտվի։

Հիմա ես կպատասխանեմ երկու դրվագով՝ էմոցիոնալ և իրավական քաղաքական։ Էմոցիոնալ դրվագով ասում եմ հետևյալը, որ մարդը շատ թույլ է պետական ռեպրեսիվ ապարատի դեմ հանդիման։ Բոլոր բոլոր ռանգի իրավապահները և նրանց հետ անմիջական առնչություն ունեցող մարդիկ՝ կլինի վարչապետ, փոխվարչապետ թե այլ,  կապ չունի, այդ մարդիկ, իրենց գործառույթները իրականացնում են իրենց խղճի և օրենսդրության համաձայն, իհարկե նաև սխալվելու իրավունքով, ապա հալալ լինի իրենց կերած հացը, որովհետև դա իրենց աշխատանքն է։

Բոլոր նրանք, որոնք դա անում են հրահանգով, գործ են սարքում, մատանի են ներդնում, հարամ լինի իրենց երեխեքի կերած հացը։ Սա ես ասում եմ մարդկանց որպես հոգու ճիչ»,– ընդգծեց Աղազարյանը։

Անդրադառնալով հարցի իրավականքաղաքական գնահատականին, նա նշեց. «Հերթական հանդիպման ժամանակ ԱԱԾ այդ ժամանակվա տնօրեն Արմեն Աբազյանն ինձ ասաց. «Եթե դուք հարգում եք իմ խնդրանքը, որի էություն է, որ ես հարգեմ վարչապետի խնդրանքը, մանդատը վայր դնեմ, ապա ձեր պրոբլեմները դառնում են իմ պրոբլեմը, և այդ ոչխար-մոչխարների հարցը արանքից դուրս են գալիս»։ Երդվում եմ բոլոր աստվածներով, որ դա եղել է վարչապետի հրահանգը։ Վարչապետի հետ հանդիպման ժամանակ էլ է ինքը ինձ ոչ ուղիղ տեքստով, բայց հասկացրել այդ ամեն ինչը։

Ես ասեցի՝ ես 65 տարեկան եմ, չեմ հասցնի իմ հարազատներին ապացուցել, որ ես այդ խախտումները չեմ արել, որոնցից խուսափելու համար մանդատս վայր եմ դրել, հետևաբար, չեմ հրաժարվելու իմ մանդատից։ Թող քրեական գործերը շարունակություն ունենան։

Ես չեմ ասել, որ զրոյից իմ վրա գործ են սարքել, ինչ-որ բաներ եղել են, հետո հատուկ ծառայությունները վարչապետի հրահանգով գեներացրել են, հասցրել են այս վիճակին։ Հիմա կտեսնենք դատարանում ինչ է տեղի ունենում»,– ընդգծեց նա։

Հարցին՝ վստա՞հ է, որ դատարանը արդար որոշում կկայացնի, Աղազարյանն ասաց. «Շատ դժվար հարց է իրականում, ես չգիտեմ՝ ոնց պատասխանեմ այդ հարցին, որ մի կողմից դատավորին չվերաբերվեմ, երիտասարդ, ամբիցիոզ դատավոր է, ինձ թվում է՝ իր մոտ համենայնդեպս ազատության աստիճանը բավականին բարձր է։ Բայց օրինակ, հարցաքննվել է մարդ, որը փախուստի մեջ է և չի ապահովել նման դեպքում չի պահպանվել հեռավար հարցաքննություն կազմակերպելու օրինական կառուցակարգը։ Հիմա դատավորը դա որպես ապացույց կդիտարկի՞, թե՞ չի դատարկի, դրանից շատ բան կպարզվի»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն