armenpress.am Էստոնիան գործնական քայլեր է ձեռնարկում Հայաստանի քաղաքացիների համար Եվրոպական միություն մուտքի վիզաների ազատականացման ուղղությամբ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան։
«Մենք գործնական քայլ ենք անում, դա վիզաների ազատականացումն է հայերի համար, և մենք իսկապես մեծ ջանքեր ենք ներդնում հասնելու այդ քայլին»,-ասաց նա։
Էստոնիայի ԱԳ նախարարը նաև նշեց, որ երկու երկրները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը միտված է ընդլայնելու արտգործնախարարությունների միջև համագործակցությունը։
Նրա խոսքով՝ արդեն իսկ ձևավորված է արդյունավետ համագործակցություն տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման և կիբերանվտանգության ոլորտներում, և Էստոնիան պատրաստ է կիսվել իր փորձով։
«Մենք շատ թվայնացված երկիր ենք, մեր պետական ծառայությունները 100 տոկոսով մատուցվում են առցանց, և պատրաստ ենք կիսվել մեր փորձով»,-նշեց Ցահքնան։
Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ Էստոնիան հետաքրքրված է նաև Հայաստանի փորձով, մասնավորապես՝ միջուկային էներգետիկայի ոլորտում։
Ցահքնան հավելեց, որ Էստոնիան իրեն դիտարկում է որպես Հայաստանի գործընկեր Եվրամիությունում և պատրաստ է աջակցել Հայաստանի եվրոպական ուղղությամբ նախաձեռնություններին։
«Մենք ձեր լավագույն ընկերներից ենք Եվրամիությունում»,-ասաց նա։