azatutyun.am Գլխավոր դատախազը մերժել է կիրառել իր բացառիկ լիազորությունն ու փոխել 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:
Փաստաբանը երեկ հրապարակեց բժշկական հետազոտությունների արդյունքը, ըստ որի՝ Ծաղկազարդի պատարագին Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի անվտանգության աշխատողի հարվածից հետո վայր ընկած Դավիթ Մինասյանն ուղեցի ցնցում է ստացել, փակ գանգուղեղային տրավմա ունի:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ հրաժարվել է ընդունել 18-ամյա տղային ազատ արձակելու պահանջով հավաքված քաղաքացիներին։
Սուրբ Աննա եկեղեցում պատարագի մասնակցող երկվորյակ եղբայրները ձերբակալվել են վարչապետի չհայտարարված այցից հետո։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են նրա անվտանգության աշխատակիցները, ճանապարհ բացելիս հրմշտում մարդկանց, այդ թվում՝ եղբայրներին։ Հրմշտոցի դեմ բողոքած և վարչապետի ուղղությամբ ձեռքը բարձրացրած Դավիթին անվտանգության աշխատողը բռունցքով հարվածել էր, ինչից նա վայր էր ընկել։
Կալանավորված Դավիթը մեղադրվում է խուլիգանության և վարչապետի նկատմամբ բռնության, գրավով ազատ արձակված եղբայրը՝ օժանդակելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ այս ամենը կազմակերպելու հոդվածներով: