ՀՀ դեսպանը և ՌԴ ԱԳ փոխնախարարը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային համագործակցությունը | armenpress.am

armenpress.am Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի շուրջ՝ հաշվի առնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև վերջերս Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ համատեղ ակտիվ աշխատանքի կարևորությունը, մասնավորապես, առևտրատնտեսական և մշակութային, հումանիտար ոլորտներում, ինչպես նաև ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակում համագործակցության հարցերում։

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին՝ Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության զարգացման և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման համատեքստում, ինչպես նաև «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի գործունեությանը։

Նշվում է, որ հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն