Դատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը պետք է վերացվի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա պաշտպան Արա Զոհրաբյանը։
«Ինչպես գիտեք, ՀՀ քննչական կոմիտեն (քննիչ Արա Ավագյան) 14.02.2026թ. որոշում էր կայացրել և Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր բացակայելու արգելքը:
Այդ արգելքի, ինչպես նաև ժամանակավոր Վրաստան մեկնելու թույլտվությունը քննիչի կողմից մերժելու պատճառով Ամենայն հայոց կաթողիկոսը չէր կարողացել մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության սուրբ արարողությանը:
Քննիչի նշված որոշումը բողոքարկվել էր վերադաս դատախազին: ՀՀ գլխավոր դատախազությունը (դատախազ Խաչատուր Գալստյան) որոշում էր կայացրել բողոքը մերժելու մասին: Դատախազի մերժումից հետո բողոք էր ներկայացվել դատարան:
Այսօր՝ 10.04.2026թ., Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը (դատավոր Անի Դանիելյան) որոշում է կայացրել Ամենայն հայոց կաթողիկոսի պաշտպանի բողոքը բավարարելու մասին: Դատարանի որոշման հիման վրա Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման»,- գրել է նա։