Հուսով ենք, որ հնարավորինս շուտ կթևակոխենք հաջորդ՝ շինարարական փուլ․ Արարատ Միրզոյանը՝ TRIPP-ի մասին

Մենք միջպետական պայմանագրի համաձայնեցման փուլում ենք գտնվում, Հուսով ենք, որ հնարավորինս շուտ կթևակոխենք հաջորդ՝ շինարարական փուլ։ Այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով TRIPP-ի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպի մեկնաբանությանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։

«Մենք շարունակաբար մտքեր և դիրքորոշումներ ենք փոխանակում առանձին հարցերի շուրջ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ։ Հուսով ենք, որ հնարավորինս շուտ կթևակոխենք հաջորդ՝ շինարարական փուլ։ Եվ հենց այստեղ է, որ մենք կունենանք նաև երրորդ գործընկերների կարիքը։ Իհարկե, պայմանագիրը երկկողմ է լինելու, և նախագիծը մեծ հաշվով ամբողջությամբ երկկողմ է՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև։ Սակայն և՛ շինարարության փուլում ենք գործընկերների կարիքը ունենալու, և՛, ամենայն հավանականությամբ, նաև այդ համակարգերի կառավարման փուլում»,-նշել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Գաղտնիք չէ, որ թեև նախագիծը երկկողմ է, այն բխում է բազմաթիվ երկրների շահերից՝ սկսած Չինաստանից մինչև Պորտուգալիա, էլ չասած մեր անմիջական հարևանների մասին: ԹՐԻՓՓ-ն այլ մոլորակի վրա չէ: ԹՐԻՓՓ-ի մի ծայրը պետք է սկիզբ առնի Ադրբեջանի Հանրապետությունից և ավարտվի Նախիջևանով, կրկին Ադրբեջանում, միաժամանակ դրա տրամաբանական շարունակությունը, և դրա մասին շատ ենք խոսել, Երասխով՝ Հայաստանի երկաթուղիների ցանցն է, ինչպես նաև Կարս-Գյումրի երկաթուղային հանգույցը և Թուրքիայի երկաթուղային ցանցը։

Կենտրոնական Ասիայի երկրները հատկապես շատ շահագրգռված են: Մեկ օր առաջ մենք այստեղ հանդիպում ունեցանք Ղազախստանի արտաքին գործերի նախարարի հետ, ով Հայաստանում էր նաև Ղազախստանի տրանսպորտի նախարարի ուղեկցությամբ։ Հետևաբար, քննարկումները կան, Մերձավոր Արևելքի երկրներն էլ հետաքրքրված են այս թեմաներով։ Առայժմ որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա, որի մասին կարող եմ կիսվել հանրության հետ»,-նշված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ «Արմենպրեսի» հարցին ի պատասխան՝ Պետդեպից նշել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծն իրականություն դարձնելու հանձնառությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն