ԱՄՆ և Իրանի պատվիրակությունները ժամանել են Իսլամաբադ բանակցություններ վարելու համար

Իրանի և ԱՄՆ-ի բանակցողները ժամանել են Պակիստան՝ խաղաղության բանակցություններ անցկացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է BBC-ն։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ողջունել է Պակիստանի արտգործնախարարը, երբ նա վայրէջք է կատարում Իսլամաբադում՝ իր իրանցի գործընկերներից ժամեր անց։ Նա Իրանի հետ բանակցություններին կմասնակցի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների ուղեկցությամբ։

Իրանի պատվիրակության ղեկավար Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ իր բանակցողները «բարի մտադրություններ» ունեն, սակայն «չեն վստահում» ԱՄՆ-ին։ Վենսը նախկինում զգուշացրել էր, որ ամերիկացիները տեղի չեն տա, եթե Իրանը «փորձի խաղալ իրենց հետ»։

Հաղորդվում է, որ Իսլամաբադը պատրաստվում է խաղաղության բանակցություններին՝ խստացված անվտանգության պայմաններում։ Վերջին մի քանի օրվա նախապատրաստական աշխատանքների ընթացքում անվտանգության միջոցառումները խստացվել են, իսկ ճանապարհները՝ փակվել։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն