Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցություններն ավարտվել են առանց որևէ համաձայնության՝ «ամերիկյան կողմի ներկայացրած չափազանց մեծ պահանջների պատճառով»։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղայի, հաղորդում է «Թասնիմ» գործակալությունը։
Անդրադառնալով բանակցություններին՝ Բաղային հայտարարել է, որ Իրանն ու ԱՄՆ-ն «մի շարք հարցերի շուրջ հասել են փոխըմբռնման», և որ առկա են եղել «տարակարծություններ 2-3 կարևոր» խնդիրների շուրջ։
Խոսնակը նաև նշել է, որ բանակցությունների այս փուլը վերջին մեկ տարվա ընթացքում ամենաերկարն էր՝ տևելով ընդհանուր առմամբ 24 կամ 25 ժամ։
«Այս բանակցություններն անցկացվեցին պարտադրված պատերազմի 40 օրերից հետո և ընթացան անվստահության ու կասկածամտության մթնոլորտում։ Բնական է, որ մենք ի սկզբանե չպետք է ակնկալեինք համաձայնության հասնել մեկ հանդիպման շրջանակում»,- ասել է նա։ «Դա ոչ ոք չէր էլ սպասում»,- հավելել է նա։
Բաղային ընդգծել է, որ «դիվանագիտությունը երբեք չի ավարտվում» և հավելել. «Այս գործիքը ազգային շահերի պաշտպանության համար է, և դիվանագետները պետք է կատարեն իրենց պարտականությունները թե՛ պատերազմի, թե՛ խաղաղության ժամանակ»։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև մատնանշել է հարցերի բարդությունը՝ ասելով. «Այս բանակցություններին ավելացան որոշ նոր խնդիրներ, ինչպիսին է Հորմուզի նեղուցի հարցը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր բարդությունները»։
Ամերիկյան կողմը նույնպես հայտարարել է բանակցությունների ավարտի մասին․ «Մենք մի շարք բովանդակալից քննարկումներ ունեցանք իրանցիների հետ, սա լավն լուրն է։ Վատ լուրն այն է, որ մենք համաձայնության չհասանք, և կարծում եմ, որ դա շատ ավելի վատ լուր է Իրանի համար, քան Ամերիկայի Միացյալ Նահանգների»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։