azatutyun.am Միացյալ Նահանգները սկսում է Հորմուզի նեղուցն ականազերծելու գործընթացը, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը և ընդգծել, որ սա «լավություն է աշխարհի շատուշատ երկրների համար»՝ առանձնացնելով Չինաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Ֆրանսիային և Գերմանիային։
Ամերիկյան ուժերը «սկսել են պայմաններ ապահովել, որպեսզի նեղուցն ականազերծվի», իր հերթին տեղեկացրել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատար Բրեդ Քուփերը։
The New York Times-ն էլ, հղում անելով իր աղբյուրներին, նախօրեին գրել է, որ Իրանն ի վիճակի չէ հայտնաբերել և հեռացնել պատերազմի ժամանակահատվածում Հորմուզի նեղուցում տեղադրած ականները։
Թեհրանից չեն մեկնաբանում արևմտյան մամուլում տարածված տեղեկությունը, սակայն Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին օրեր առաջ ընդգծել էր, որ Իրանը ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի «կառավարումը կտեղափոխի նոր փուլ»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։