«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 10-12-ը Ադրբեջան այցելած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները խոսել են նաև հումանիտար հարցերի մասին:
Այս մասին հայաստանյան կողմի ներկայացուցիչների ասուլիսի ժամանակ հայտնեց Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը:
Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ցամաքային ճանապարհով մեկնել էին Ադրբեջան, որտեղ ապրիլի 10-12-ը, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում, տեղի է ունեցել հերթական երկկողմ կլոր սեղանը։
Սուլթանյանը հայտնեց, որ խոսել են գերիների և պահվող անձանց մասին, և պատվիրակության անդամներից շատերը իրենց ելույթներում ներառել են այս խնդիրը:
«Հերթական անգամ շեշտել ենք, որ չի տեղավորվում այս հարցը խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ, որ խաղաղության գործընթացը շատ ավելի առաջ է անցել, և պիտի այս հարցերը լուծվեն, որ ավելի երաշխավորված լինի պրոցեսի առաջընթացը»,- հայտնել է նա:
Նրա խոսքով՝ բարձրացրել են նաև անհայտ կորածների խնդիրը. «Հայտնել ենք մտահոգություն,որ հանձնաժողվի աշխատանքները ցանկալի արագությամբ չեն գնում»:
Սուլթանյանի խոսքով՝ ադրբեջանական կողմն էլ իր հերթին բարձրացրել է իրենց հուզող հարցերը, մասնավորապես՝ ականների պայթյունից վիրավորված, զոհված անձանց վերաբերյալ հարցերը, նշվել է 432 թիվը, ինչպես նաև 90-ականների պատերազմի հետևանքով 3000-ից ավելի անհայտ կորած ադրբեջանցիների հանգամանքը:
Լուսանկարը՝ ադրբեջանական ԱՊԱ-ի/ապրիլի 11