arm.sputniknews.ru Մի քանի մայրեր նստացույց են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ՝ 18-ամյա Դավիթ Մինասյանի խափանման միջոցը փոխելու պահանջով։
«Մեր նպատակն է թույլ չտալ, որ Դավիթին նորից տեղափոխեն ՔԿՀ, որ նա շարունակի իր բուժումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նստացույցի նախաձեռնող, 4 երեխաների մայր Սայիդա Պողոսյանը։
Կարծում է՝ եթե շատ մարդիկ ներգրավվեն այս գործընթացին, հնարավոր կլինի ազդել որոշումների կայացման վրա։
Նրա խոսքով՝ նստացույցն իրականացնելու են մեկ շաբաթ շարունակ՝ առավոտյան 11-ից մինչև 20։00-ն։
«Իշխանությունները պետք է այնքան հմուտ ու մեծահոգի լինեն, որ տարբերեն իրական հանցագործներին սովորական մարդկանցից, հատկապես երբ որ երեխա է։ Ես էլ ունեմ Դավիթի տարիքի տղա, իրենք իրենց տարիքին բնորոշ լինում են շատ ավելի անզուսպ և տաքարյուն, ես համարում եմ, որ պարտավոր են նրան ազատ արձակել»,- ասաց նստացույցին միացած մայրերից մեկը՝ Մարիաննա Զարգարյանը։
Հիշեցնենք, որ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Ծաղկազարդի օրվան նվիրված պատարագին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել։ Մասնավորապես, երբ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվել է՝ հորդորելով չհրել․ «Տենց չնայես ինձ»,- դիմել է երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձել ձեռքով հարվածել։
Միջադեպից հետո ձերբակալվել էր երեք անձ։ Նրանց նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում: Միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է։ Պաշտպանական կողմը պնդում է, որ տղան անազատության հետ անհամատեղելի հիվանդություն ունի և պետք է գտնվի մոր մշտական հսկողության ներքո։
Ձերբակալվածներ մյուս երկուս անձինք ազատ են արձակվել։ Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չբացակայելու մասին, և կիրառվել է գրավ՝ 5 միլիոն դրամի չափով: Մյուս մեղադրյալի՝ Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը: