Ավստրալիան չի մասնակցի ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակմանը, Ճապոնիան դեռ որոշում չունի | armenpress.am

armenpress.am Ավստրալիայի կառավարությունը չի քննարկում ԱՄՆ-ի հետ միասին Հորմուզի նեղուցի շրջափակմանը մասնակցելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի և առևտրի փոխնախարար Մեթ Թիսթլթուեյթը։

Sky News հեռուստաալիքի եթերում նա նշել է, որ Ավստրալիայի կառավարությունը «չի քննարկում շրջափակմանը միանալու հնարավորությունը»։ ​​

«Մենք կարծում ենք, որ կայուն խաղաղության հասնելու և արդյունքում ավստրալացիների համար բենզինի գների իջեցում ապահովելու լավագույն միջոցը կարգավորումն է բանակցությունների միջոցով», – ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ Ավստրալիան «հիասթափված է», որ ապրիլի 11-ին Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև կայացած բանակցությունները արդյունքի չհանգեցրին։

«Մենք կցանկանայինք, որ այդ բանակցությունները վերսկսվեին։ Դա է նեղուցը մշտապես բացելու, միջազգային տնտեսությունը վերականգնելու, բենզինի մատակարարումները վերսկսելու և ավստրալացիների համար գներն իջեցնելու լավագույն միջոցը», – բացատրել է նախարարը։

Ապրիլի 13-ին մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Հորմուզի նեղուցի շրջափակման վերաբերյալ՝  Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզին հայտարարել է, որ ԱՄՆ-ն այս հարցում գործում է միայնակ։

«Մենք որևէ խնդրանք չենք ստացել։ Մեզ չեն հրավիրել մասնակցելու (Հորմուզի նեղուցի շրջափակմանը), և ես չեմ սպասում, որ կհրավիրեն», – ասել է նա։

Իր հերթին, Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան հայտարարել է, որ դեռ որոշում չկա այն մասին՝ արդյոք Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը կմասնակցեն Հորմուզի նեղուցի շրջափակմանը, որը նախաձեռնել է ԱՄՆ-ն:

Ապրիլի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրների մի մասը մտադիր է օգնել Վաշինգտոնին Հորմուզի նեղուցում։ Ավելի վաղ նա ասել էր, որ Հորմուզի նեղուցի շրջափակմանը կմիանան նաև այլ երկրներ։

ԱՄՆ զինված ուժերը ապրիլի 13-ին կսկսեն իրանական նավահանգիստների շրջափակումը, սակայն չեն խոչընդոտի Հորմուզի նեղուցով նավարկող այն նավերին, որոնք չեն մտել և դուրս չեն եկել իրանական նավահանգիստներից։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն