Լիբանանն ու Իսրայելը բանակցություններ կանցկացնեն Վաշինգտոնում | azatutyun.am

azatutyun.am Լիբանանի և Իսրայելի ներկայացուցիչները երեքշաբթի օրը Վաշինգտոնում կհանդիպեն՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններ վարելու համար, հաղորդում է AFP-ն:

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը կոչ է արել չեղյալ հայտարարել բանակցությունները նախքան դրանց սկսվելը՝ դրանք որակելով «անօգուտ»։

Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ մարտի 2-ին, երբ Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահն» հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության: «Հեզբոլլահ»-ի հարձակումը հանգեցրեց Իսրայելի ցամաքային և օդային նոր հարձակմանը։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջնորդությամբ կայանալիք հանդիպմանը կմասնակցեն Վաշինգտոնում Իսրայելի և Լիբանանի դեսպանները, ինչպես նաև Բեյրութում ԱՄՆ դեսպանը։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կառավարությանը հանձնարարել էր Լիբանանի հետ ուղիղ բանակցություններ սկսել՝ կենտրոնանալով Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ»-ի զինաթափման վրա։

Իսրայելի վարչապետի հայտարարությունից մեկ ժամ առաջ էլ Լիբանանի նախագահն ասել էր, որ «Լիբանանում ստեղծված իրավիճակի միակ լուծումը Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի հասնելն է, որին կհաջորդեն նրանց միջև ուղիղ բանակցությունները»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն