armenpress.am Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Հարկային, Քրեական դատավարության և Քրեական օրենսգրքերում:
Նախագիծն Ազգային ժողովի ապրիլի 14-ի նիստում ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:
«Քրեական օրենսգրքով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու խոշոր չափ է համարվում 10 մլն դրամը գերազանցող, իսկ առանձնապես խոշոր չափը՝ 20 մլն դրամը գերազանցող գումարը: Նախագծով առաջարկվում է վերանայել այդ չափերը՝ խոշոր չափ համարել մեկ հարկային տարվա ընթացքում 30 մլն դրամը գերազանցող հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գումարը, իսկ իրար հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում՝ 45 մլն դրամը գերազանցող գումարը: Առանձնապես խոշոր չափը կհամարվի մեկ հարկային տարվա ընթացքում 50 մլն դրամը, իսկ իրար հաջորդող երկու տարիների ընթացքում՝ 75 մլն դրամը գերազանցող հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գումարը»,- ասաց Հակոբյանը:
Հակոբյանը մանրամասնել է, որ փոփոխության արդյունքում մոտ 600 քրեական գործ կապաքրեականացվի, եթե քրեական վարույթ դեռ նախաձեռնված չէ, չի էլ նախաձեռնվելու, իսկ առանձնապես ծանրից սանկցիան կդառնա միջին ծանրության։
Խոսելով Քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների մասին՝ ՊԵԿ նախագահը նշել է՝ տարբեր քննարկումների ընթացքում հարկ վճարողները հարցեր էին բարձրացնում քրեական վարույթի շրջանակներում կիրառվողց արգելադրման գործիքի հետ կապված։
«Այստեղ առաջարկում ենք լավարկումներ՝ ներդնելով այլընտրանքային մեխանիզմ, որպեսզի հարկ վճարողը քրեական վարույթի ընթացքում ֆինանսական կորուստներ չկրի։ Տվյալ դեպքում խոսքը գույքն արգելադրելու փոխարեն դրան համարժեք բանկային երաշխիք տրամադրելու մասին է, որը կիրառելու հնարավորություն գործող քրեդատավարական օրենսդրությունը չի նախատեսում։ Ընդ որում՝ քրեական վարույթի շրջանակներում գույքի արգելադրման գործիքակազմի կիրառումը խնդիրներ է առաջացնում, և տնտեսվարող սուբյեկտի գույքի վրա կիրառված արգելանքը խաթարում է վերջինիս գործունեությունը և առաջացնում է ծախսեր։ Ըստ էության, առաջարկում ենք վարույթի ընթացքում հսկող դատախազի հաստատմամբ քննիչի կամ դատարանի որոշմամբ արգելադրված գույքն արգելալանքից հանելու հնարավորություն, եթե գույքի սեփականատերը կամ տիրախետողը ներկայացնում է արգելադրված գույքին համարժեք բանկային երաշխիք»,- մանրամասնել է ՊԵԿ նախագահը։
Օրենքների նախագծերի փաթեթն Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ստացել է դրական եզրակացություն: