Լավրովն Արաղչիին հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանի շուրջ առկա ճգնաժամի կարգավորմանը | armenpress.am

armenpress.am ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի շուրջ առկա ճգնաժամի կարգավորմանը, և հիշեցրել է Ծոցում անվտանգության ապահովման հայեցակարգ մշակելու ռուսական նախաձեռնության մասին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտգործնախարարությունը:

«Լավրովն ընդգծել է զինված առճակատման կրկնության անթույլատրելիության կարևորությունը, վերահաստատել  Ռուսաստանի հաստատուն պատրաստակամությունը՝ աջակցություն ցուցաբերելու ճգնաժամի կարգավորմանը, որը ռազմական լուծում չունի, հիշեցրել է Ռուսաստանի՝ Ծոցում անվտանգությունն ապահովելու հայեցակարգ մշակելու նախաձեռնության մասին՝ բոլոր ափամերձ պետությունների մասնակցությամբ և այն արտատարածաշրջանային երկրների աջակցությամբ, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ բանակցությունների ընթացքի վրա», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի ԱԳՆ-ում հավելել են, որ Մոսկվան ողջունել է հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման մշտական տրամադրվածությունը, «այնպիսի հանգուցալուծումների որոնումը, որոնք թույլ կտան վերացնել հակամարտության նախա​​պատճառները և հասնել տարածաշրջանում իրադրության երկարաժամկետ կայունացման՝ հաշվի առնելով Իրանի և նրա հարևանների օրինական շահերը»։

Ավելի վաղ Լավրովի և Արաղչիի հեռախոսազրույցի մասին հաղորդել էին Իրանի ԱԳՆ-ում։

«Նրանք կարծիքներ են փոխանակել տարածաշրջանի իրադարձությունների զարգացման և Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Իրանի ու ԱՄՆ-ի բանակցությունների շուրջ», – նշվել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն