Մի խումբ արցախցիներ ակցիա են իրականացրել՝ պահանջելով, որ դատախազությունն ավելի հետևողական լինի ատելության խոսք տարածողների նկատմամբ | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Մի խումբ արցախցիներ ակցիա են անում ՀՀ գլխավոր դատախազության դիմաց` պահանջելով, որ դատախազությունն ավելի հետևողական լինի ատելության խոսք տարածողների նկատմամբ։

Ակցիայի մասնակիցները հիշեցրին օրեր առաջ տեղի ունեցած մի դեպք, երբ տաքսու վարորդը արցախցի կանանց բարոյական նկարագիրը վարկաբեկող արտահայտություններ էր արել և ասել` ղարաբաղցին հայ չի, և վարչապետը ճիշտ է ասել` նրանք փախել, իրենց հողն ու ջուրը թողել, եկել են այստեղ։

Ակցիայի մասնակիցների խոսքով` արցախցիների նկատմամբ նման վերաբերմունքը իշխանությունների պահվածքի հետևանք է։

«Եթե սա անպատիժ է մնում, անտեսվում է, ուրեմն սրա հետևում ինչ–որ ուժեր կան, ու չեմ բացառում, որ դա արվում է պետական մակարդակով։ Եթե առաջնորդները շահագրգռված են, որ հայ ազգի մեջ համերաշխություն լինի, ունեն հնարավորություն արմատախիլ անել այս ձևակերպումները։ Եթե թույլ են տալիս, ուրեմն իրենց ձեռագիրն էլ կա այստեղ»,– ակցիայի ժամանակ հայտարարեց «Վերածնվող Արցախ» շարժման հիմնադիր Անաստաս Իսրայելյանը։

Ակցիայի մասնակիցները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին ՀՀ գլխավոր դատախազություն ու հույս հայտնեցին, որ գլխավոր դատախազն իր հսկողության տակ կվերցնի վերոհիշյալ դեպքը ու կկանխի ատելության խոսքի տարածումը։

Հիշեցնենք՝ մարտի 22-ին Նիկոլ Փաշինյանը մետրոյի գնացքով երթեւեկող կնոջ երեխային ցանկացավ Հայաստանի փոքրիկ քարտեզ նվիրել, սակայն մայրը հրաժարվեց և խնդրեց չխանգարել իրենց՝ նշելով նաեւ, որ իրենք իրենց քարտերզն ունեն, որտեղ նաեւ Արցախը կա։ Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը շարունակեց խոսակցությունը՝ պնդելով՝ «Ձեր տղան այս քարտեզում է ապրելու»։

 «[․․․] Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներն ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք, բա ինչի՞ չեք մնացել։ Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»,- ասաց Փաշինյանը։ Վիճաբանության ընթացքում Փաշինյանը «մատ էր թափ տալիս» քաղաքացու վրա և բարձր տոնով խոսում, ու չնայած քաղաքացու հորդորին, որ իր հետ այդկերպ եւ այդ տոնով չխոսի, Փաշինյանն ասաց՝ «ես տենց կխոսամ Ձեզ հետ»։

Ավելի ուշ Փաշինյանը հայտնել էր, որ ներողություն է խնդրում արցախցի կնոջից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն