Hakakorupcion-komite

«Ուժեղ Հայաստանի» անդամը եւ եւս մեկ անձ ձերբակալվել են բարեգործության արգելքը խախտելու համար․ Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո՝ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, համապետական ընտրություններին մասնակցող ՀՀ տարբեր բնակիչների, բարեգործության անվան տակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում՝ արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում։

Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կրկին հորդորում է զերծ մնալ բարեգործության վերաբերյալ օրենսդրական արգելքը խախտելու հանցավոր վարքագծից, իսկ քաղաքացիներին կոչ է արվում խուսափել ընտրական հանցագործությունների կամ դրանց հետ առնչվող կասկածելի գործողությունների մեջ ներգրավվելուց»,- ասվում է հաղորդագրությունում։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ապրիլի 14-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին բերման էին ենթարկել։

Հիշեցնենք նաև, որ այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը հայտնել էր, որ Ղումաշյանին բարեգործության արգելքի հիմքով են հրավիրել Հակակոռուպցիոն կոմիտե։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն