Հակակոռուպցիոն դատարանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն։ Ֆեյսբուքյան իր էջում այդ մասին հայտնում է կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
Ավելի վաղ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ հաշվի առնելով Ղումաշյանի՝ անչափահաս երեխաներ ունենալը, դատարան միջնորդություն է ներկայացվել տնային կալանք կիրառելու համար։ Ղումաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով՝ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը։ Ղումաշյանը մեղադրանքը չի ընդունել, հրաժարվել է ցուցմունք տալ։
Մելոյանը հայտնում է, որ վարչական հսկողություն է կիրառվել նաև կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանի նկատմամբ։ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Ստեփանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հավաքին մասնակցելուն հարկադրելու կամ նյութապես շահագրգռելու համար։