ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում | azatutyun.am

azatutyun.am Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝ կլինի հաջորդ շաբաթ՝ ԵՄ արտգործնախարարների նիստում։

«Ազատության» տրամադրության տակ է ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատարի առաջարկը՝ առաքելության մանդատի, կառուցվածքի ու ժամկետների վերաբերյալ։ Ըստ այդ փաստաթղթի, առաքելությունը պետք է ամրապնդի Հայաստանի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքներից՝ ռազմավարական, գործնական խորհրդատվություն ու աջակցություն տրամադրելով նախարարություններին ու անվտանգային ոլորտի գործակալություններին։

Այդ խորհրդատվությունները կենտրոնանալու են քաղաքականությունների մշակման, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների հայտնաբերման ու արձագանքման, կիբերհարձակումների, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի վրա։ Առաքելությունը պետք է նաև գնահատի՝ ինչ է անհրաժեշտ Հայաստանում անվտանգության ոլորտում կարողությունները զարգացնելու համար, որպեսզի երկիրն առավել արդյունավետ բացահայտի ու արձագանքի հիբրիդային սպառնալիքներին՝ ԵՄ մեթոդաբանությունների և ստանդարտների համաձայն։

«Ազատության» տրամադրության տակ առկա փաստաթղթերից մեկը հանձնարարում է Արտաքին հարաբերությունների ծառայությանը «շարունակել քննարկումներն Ադրբեջանի հետ՝ ԵՄ աջակցության նպատակը բացատրելու, խաղաղության գործընթացի վրա հնարավոր բացասական ազդեցությունից խուսափելու համար»։

Ի դեպ, խոսելով հնարավոր վտանգների մասին, փաստաթուղթը Հայաստանում ներքաղաքական զարգացումներից, արտաքին տնտեսական ճնշումներից ու տեղեկատվական մանիպուլյացիաներից բացի առանձնացրել էր նաև Իրանի դեմ պատերազմը, մանրամասնելով՝ «Հայաստանի՝ ընդամենը երկու բաց սահմաններից մեկը Իրանի հետ է և առանցքային նշանակություն ունի Հայաստանի հաղորդակցության ու հյուսիս-հարավ տրանսպորտային և առևտրային միջանցքի համար»։

Ակնկալվում է, որ ԵՄ նոր խումբը Հայաստանում տեղակայվելու է երկու տարով, ունենալու է 20-30 միջազգային աշխատակից և գործելու է «Եվրամիության գործընկերության առաքելություն» անվանման ներքո։ Նշվում է, որ այն բաց է լինելու նաև երրորդ երկրների համար, եթե և երբ Բրյուսելը նրանց հետ համաձայնության հասնի այդ ուղղությամբ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն