armenpress.am Վրաստանը, հաշվի առնելով անվտանգության ոլորտում գոյություն ունեցող մարտահրավերները, չի կարող համապատասխանել ԵՄ-ի արտաքին քաղաքականությանը, մինչև Եվրամիության լիիրավ անդամ չդառնա: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին՝ ելույթ ունենալով խորհրդարանում:
«Հաշվի առնելով անվտանգության առումով առկա մարտահրավերները՝ մենք պետք է չափազանց զգույշ լինենք ցանկացած գործընթաց գնահատելիս և առավել ևս կոնկրետ արտաքին քաղաքականության միջոցներ ձեռնարկելիս: Մենք երբեք թույլ չենք տա, որ հանուն հասարակ վիճակագրության բարելավման ստեղծենք լրացուցիչ սպառնալիք մեր ազգային շահերի համար: Համապատասխանաբար, մինչև Վրաստանը չդառնա Եվրամիության լիիրավ անդամ, նրա համար բարդ կլինի լիովին համապատասխանել ԵՄ արտաքին քաղաքականությանը», – Բոճորիշվիլիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
2024 թ. մայիսին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որից հետո երկրի հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ սկսել են վատթարանալ: Եվրամիությունը Վրաստանի իշխանություններին բազմիցս կոչ է արել հրաժարվել այդ օրենքից, սակայն «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության առաջնորդները մշտապես պնդել են, որ օրենքի նպատակն է ապահովել Վրաստանում գործող ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսական հոսքերի թափանցիկությունը:
2024 թ. հոկտեմբերի 26-ին «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը 53,93 տոկոսով հաղթեց ընտրություններում և օրենսդիր մարմնում ստացավ 150 մանդատներից 89: 2024 թ. նոյեմբերի 28-ին «Վրացական երազանք»-ը որոշեց մինչև 2028 թվականը դադարեցնել Միությանն անդամակցելու շուրջ բանակցությունները և հրաժարվել ԵՄ-ի կողմից տրամադրվող բոլոր բյուջետային դրամաշնորհներից: