Մոսկվան և Բաքուն հայտարարում են՝ հասել են AZAL-ի օդանավի կործանման հետևանքների կարգավորման | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները տարածել են համատեղ հայտարարություն՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին AZAL ավիաընկերությանը պատկանող Embraer 190 ինքնաթիռի կործանման հետևանքների կարգավորման հետ կապված։

Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը երկու երկրների նախագահների միջև 2025 թվականի հոկտեմբերի 9-ին Դուշանբեում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն հասել են համապատասխան կարգավորման՝ ներառյալ փոխհատուցումների հարցը։ Ըստ փաստաթղթի՝ ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում՝ հակաօդային պաշտպանության համակարգի ոչ միտումնավոր գործողության հետևանքով։

Հաղորդագրությամբ կողմերը վստահություն են հայտնում նաև, որ հարաբերությունների զարգացումը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության և փոխադարձ շահերի վրա, կշարունակվի, և համագործակցությունը կընդլայնվի։

Ադրբեջանի նախագահը 2024 դեկտեմբերին տեղի ունեցած ավիաաղետից անմիջապես հետո էր հայտարարել, որ ինքնաթիռը կործանվել է «գետնից գնդակոծության պատճառով»։ Բաց տեքստով մեղադրելով Ռուսաստանին՝ Իլհամ Ալիևը պնդել էր՝ ռուսները փորձում են կոծկել իրականությունը «զառանցական վարկածներով»։

Անցած տարի Ռուսաստանի նախագահն ընդունեց, որ 38 մարդու մահվան պատճառ դարձած աղետը տեղի է ունեցել նաև ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի մեղքով։ Ավելին, Դուշանբեում հանդիպելով Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևին, Վլադիմիր Պուտինը փաստացի կատարեց նրա՝ ամիսներ շարունակ հնչող պահանջը՝ խոստացավ պատժել մեղավորներին, տուժողներին էլ փոխհատուցում տրամադրել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն