Կրթության ու գիտության և առողջապահության ոլորտներում աշխատանքները երկարաժամկետ ներդրում են մեր տնտեսության մեջ. Թունյան | 1lurer.am

1lurer.am Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, որն իր խոսքում անդրադարձավ երկու ոլորտի, որոնք, նրա խոսքով, մեր տնտեսության համար շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան միգուցե հարկային փոփոխությունները կամ այլ փոփոխություններ:

Թունյանի խոսքով՝ այդ ոլորտները կրթությունն ու գիտությունն են և առողջապահությունը:

«Ամենատպավորիչն ինձ համար այդ երկու ոլորտներում մեր կատարած աշխատանքներն են՝ թե՛ դպրոցների ու մանկապարտեզների շինարարությունը, թե՛ ուսուցիչների վարձատրության բազմակի ավելացումը, թե՛ գիտության ֆինանսավորումը: Այս ամեն ինչը ամենակարևոր, ֆունդամենտալ և երկարաժամկետ ներդրումն է մեր տնտեսության մեջ, որի արդյունքները զգացվելու են մի քանի տարի կամ 10-15 տարի հետո»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է առողջապահության ոլորտին, պատգամավորը նշեց՝ առողջության ապահովագրության ներդրումը այն ամենակարևոր փոփոխությունն է, որը իշխող ուժը կարողացել է կյանքի կոչել:

«Իհարկե, այդտեղ դեռ շատ անելիքներ, ճշգրտումներ լինելու են, բայց դա այն բարեփոխումներից է, որ արդեն զգում ենք դրա ազդեցությունը»,- հավելեց Թունյանը՝ շնորհակալություն հայտնելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին այդ բարեփոխման մշակման ու ներդրման համար:

Նրա խոսքով՝ մեր հասարակությունը շատ լավ հասկանում է, թե ինչ է արվում, և երբեմն նրանք այդ ամենը կարողանում են շատ ավելի հասկանալի ու պարզ բացատրել հենց իրենց՝ իշխող ուժի ներկայացուցիչներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն