Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ համագործակցության ընդլայնման ուղղությունները մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ՀՀ–ԱՄՆ համագործակցության ընդլայնման ուղղությունները մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում։ Այս մասին հայտնում են նախարարությունից։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (Commercial Law Development Program, CLDP) գլխավոր իրավախորհրդատուի տեղակալ Զմարակ Խանի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպումը կայացել է ԱՄՆ պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի շրջանակում, որի նպատակն է զարգացնել երկկողմ համագործակցությունը և քննարկել ծրագրային նոր ուղղություններ։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ՀՀ–ԱՄՆ համագործակցությունը մտավոր սեփականության ոլորտում՝ ընդգծելով դրա առանցքային դերը մրցունակ, նորարարական և գիտելիքահենք տնտեսության ձևավորման գործում։ Նշվել է, որ առկա գործակցությունը նպաստում է ներդրումային միջավայրի բարելավմանը, տեխնոլոգիաների առևտրայնացման գործընթացի իրականացմանը և տնտեսական կայուն աճի ապահովմանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը ներկայացրել է, որ ներկայում նախարարության կողմից մշակվում է «Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության ոլորտի զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագիրը», որի շրջանակում նախատեսվում են համապարփակ իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։

Անդրադարձ է կատարվել նաև համագործակցության խորացման հետագա ուղղություններին, մասնավորապես՝ կարողությունների զարգացման ծրագրերի իրականացմանը, իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանը, շահագրգիռ մարմինների միջև համակարգման ուժեղացմանը, միջազգային փորձի շարունակական փոխանակմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն