Տիգրան Պասկևիչյանի՝ Հանրային հեռուստաընկերության պատվերով ստեղծված «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմն արդեն հասանելի է Հանրայինի յութուբյան պաշտոնական ալիքում:
Այս մասին տեղեկացրել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
Մովսիսյանը նաև անդրադարձել է հարցերին, թե ինչու է հիմա հրապարակվում ֆիլմը:
«Դատարանը վերջերս որոշում հրապարակեց, որով արձանագրվեց, որ հեղինակը խախտել է Հանրային հեռուստաընկերության հեղինակային իրավունքները։ Ավելի վաղ հեղինակը խախտել էր նաև ֆիլմի հանձնման ժամկետները։
Արդյունքում, հիմա, երբ վերականգնվել են Հանրային հեռուստաընկերության իրավունքները, Հանրային հեռարձակողի խորհրդի համաձայնությամբ ֆիլմը դարձնում ենք հրապարակային հասանելի, որպեսզի բոլորը կարողանան գնահատել այն»,- գրել է նա՝ հավելելով, որ պատմությունը սպառված է համարում:
Ֆիլմի հեղինակ Տիգրան Պասկևիչյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ֆիլմի հղումը՝ գրելով. «Միթե արժե՞ր հասնել դատարան, դատարանում չլսել ու հաշվի չառնել հարցի լուծման՝ իմ կողմից հնչեցված, ամենահեշտ տարբերակը, այն է՝ տեղադրել ֆիլմը Յութուբում, և փորձել ներկայացնել դա՝ որպես ՀՀԽ-ի առաջարկած լուծում»:
Պասկևիչյանը շնորհակալություն է հայտնել իր ընկերներին, Հայաստանի և Սփյուռքի տարբեր կազմակերպություններին ու անհատներին, որոնք, իր խոսքով, աջակցել են իրեն միասնական ուժերով հասանելի դարձնել «մեր պատմության կարևորագույն դրվագին վերաբերվող այս ֆիլմը»:
Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանը մինչդեռ իր ֆեյսբուքյան գրառմամբ հույս էր հայտնել, որ Պասկևիչյանը հրապարակավ ներողություն կխնդրի բոլոր նրանցից, «որոնց հանիրավի մեղադրել էր իր ֆիլմը արգելելու և գրաքննելու մեջ, զազրախոսել, զրպարտել ու վիրավորել՝ հալածյալի կերպարանք առնելով և հանրությանը մոլորեցնելով»:
Ավելի վաղ «Սիվիլնեթ»-ն էր գրել, որ Տիգրան Պասկևիչյանի՝ Հանրային ՀԸ պատվերով ստեղծված «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը որևէ ձևաչափով չի ցուցադրվի, քանի որ դատարանը բավարարել է ֆիլմի օգտագործումն ու տարածումը արգելելու մասին Հանրային հեռուստաընկերության հայցը։ Պասկևիչյանը նշել էր. «Իրենք համարում են, որ չի կարելի ցույց տալ, թե ինչ է տեղի ունեցել 88-ի շարժումից մինչև անկախության հռչակումը»:
Մինչդեռ Հովհաննես Մովսիսյանը պարզաբանել էր, որ ֆիլմի ցուցադրությունը չի արգելվել, և խոսքը պայմանագրային պարտավորությունները չկատարելու մասին է:
«Միայն այն պահին, երբ այդպիսի ցուցադրություններից մեկում հեղինակը սկսել է հրապարակային մեղադրանքներ հնչեցնել Հանրայինի հասցեին, առաջացել է անհրաժեշտություն իրավական արձագանքի։ Այդ պատճառով Հանրայինը դիմել է դատարան՝ պաշտպանելու իր իրավունքները»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հովհաննես Մովսիսյանը: