armenpress.am Իրանի, Հորդանանի, Կատարի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին գործերի նախարարությունները, ինչպես նաև ԵՄ երկրների ներկայացուցիչները ողջունել են Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք բերված տասնօրյա հրադադարը։
«Իրանը ողջունում է Լիբանանում հրադադարի մասին հայտարարությունը և հիշեցնում, որ Լիբանանում պատերազմի դադարեցումը Իրանի և Միացյալ Նահանգների միջև Պակիստանի միջնորդությամբ հրադադարի համաձայնագրի մի մասն էր», – հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Կատարի ԱԳՆ-ն նույնպես աջակցություն է հայտնել Լիբանանում հրադադարին, իսկ Հորդանանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ «հաստատուն աջակցություն» է հայտնել Լիբանանին՝ իր ամբողջ տարածքում ինքնիշխանությունը հաստատելու, զենքը բացառապես պետության ձեռքում պահելու և ազգային ինստիտուտները վերականգնելու հարցում։
Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես ողջունել է հրադադարի համաձայնագիրը՝ բարձր գնահատելով դիվանագիտական ջանքերը, որոնք «բեկում մտցրեցին»։
ԵՄ-ն հրադադարի մասին լուրը համարել է «թեթևացում»՝ նշելով, որ հակամարտությունն արդեն բազմաթիվ կյանքեր է խլել։
«Այժմ մեզ անհրաժեշտ է ոչ միայն ժամանակավոր դադար, այլև դեպի մշտական խաղաղություն տանող ճանապարհ», – հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Իր հերթին Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի շուրջ հայտարարությունը որպես «հիանալի նորություն», որը ձեռք է բերվել «Միացյալ Նահանգների միջնորդության շնորհիվ»։
Հրադադարը ողջունել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
Ավելի վաղ նախագահ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի և Լիբանանի իշխանությունները համաձայնեցրել են տասնօրյա հրադադարը։
Չնայած պայմանավորվածությանը, Լիբանանից հայտնել են հրադադարի ռեժիմի խախտումների մասին։