Իրանական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իրանի ռազմական ղեկավարությունը հայտարարել է, որ կփակի Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից շարունակվող շրջափակման։
Ըստ իրանական Tasnim գործակալության՝ Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի զինված ուժերի խիստ վերահսկողության տակ։
«Շաբաթ օրը տարածված հայտարարության մեջ խոսնակը նշել է, որ բարի կամքի դրսևորմամբ անցկացված բանակցությունների ընթացքում ձեռք բերված նախկին պայմանավորվածությունների համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը համաձայնել է թույլատրել սահմանափակ թվով նավթային փոխադրողների և առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով՝ կառավարվող եղանակով։
Այնուամենայնիվ, նա ասել է, որ ԱՄՆ-ն, բազմիցս դրժելով իր խոստումները և հայտնի լինելով իր ոչ պատշաճ վարքագծով, շարունակել է «ծովահենության» ու «թալանի» գործողությունները՝ քողարկվելով դա այսպես կոչված «շրջափակման» պատրվակով»,- գրել է Tasnim-ը։
BBC-ն հայտնում է, որ ուրբաթ օրը Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ հրադադարի մնացած ժամանակահատվածում Հորմուզի նեղուցը «լիովին բաց» կլինի առևտրային նավերի համար։
Կարճ ժամանակ անց Դոնալդ Թրամփը նշել է, որ նեղուցը «լիովին բաց է և պատրաստ է գործարքների համար», սակայն իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակումը կշարունակվի մինչև խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։