ԱՄՆ-ն Իրանին կոչ է անում վերականգնել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը

ԱՄՆ-ն ու Իրանը հայտնում են բանակցություններում առաջընթացի մասին՝ միաժամանակ ընդգծելով տարաձայնությունների առկայությունը

Շաբաթ օրը` ապրիլի 18-ին, լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ «շատ լավ բանակցություններ» են ընթանում, սակայն նա թույլ չի տա, որ Թեհրանը «շանտաժի» ենթարկի ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցի հարցում։ Այս մասին գրում է BBC-ն։

Մյուս կողմից, Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ թեև ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններում «առաջընթաց է գրանցվել», կողմերը դեռևս «հեռու են վերջնական քննարկումներից»։

Ղալիբաֆը, որը հանդիսանում է իրանական կողմի բանակցողներից մեկը, նախորդ շաբաթ Պակիստանում էր՝ մասնակցելու խաղաղության շուրջ բանակցություններին ԱՄՆ ներկայացուցիչների, այդ թվում՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։

Բանակցությունների հաջորդ փուլի անցկացման ժամկետ դեռևս չի սահմանվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իրանական նավահանգիստների նկատմամբ ԱՄՆ շրջափակումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև «Իրանի հետ մեր գործարքը 100%-ով ավարտին հասցվի»։ Ապրիլի 17-ին Իրանը բացել էր Հորմուզի նեղուցը, սակայն հաջորդ օրը հայտարարել էր նորից «խիստ վերահսկողության տակ առնելու մասին», քանի դեռ ԱՄՆ-ն շարունակում է շրջափակումը։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն