azatutyun.am Հորմուզի նեղուցը կշարունակի փակ մնալ, հայտարարել է Վաշինգտոնի հետ բանակցություններում Թեհրանի գլխավոր բանակցող, Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Անհնար է, որ ուրիշներն անցնեն Հորմուզի նեղուցով, այն դեպքում, որ մենք չենք կարող անցնել», – AP-ի փոխանցմամբ՝ ասել է Ղալիբաֆը իրանական հեռուստաեթերում։
Նախօրեին Իրանը որոշեց չեղարկել նեղուցը բացելու իր որոշումը, հաղորդել էր իրանական կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունը։
«Եթե ԱՄՆ-ն չվերացնի շրջափակումը, Հորմուզի նեղուցով տարանցումները վստահաբար կսահմանափակվեն», – ընդգծել է իրանցի պաշտոնյան։
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։