Իսրայելը չի ցանկանում, որ Իրանն ու ԱՄՆ-ն լուծեն տարաձայնությունները. Փեզեշքիան

Ո՞վ է ԱՄՆ նախագահը, որ Իրանին զրկի իր միջուկային իրավունքներից․ Փեզեշքիանը՝ միջուկային ծրագիրը դադարեցնելու ԱՄՆ պահանջի մասին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող Իրանին զրկել միջուկային իրավունքներից:  Այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

«Ո՞վ է ԱՄՆ նախագահը համաշխարհային մասշտաբով, որ զրկի մի ազգի իր օրինական իրավունքներից»,- մասնավորապես, նշել է Իրանի նախագահը: Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր մարդ, անկախ կրոնից կամ ռասայից, պետք է հասանելիություն ունենա իր անօտարելի իրավունքներին, և կոչ է արել արդարություն հաստատել միջազգային հարաբերություններում:

Փեզեշքիանը քննադատել է ՄԱԿ-ին և իրավապաշտպան կազմակերպություններին տարածաշրջանում Իսրայելի և ԱՄՆ-ի գործողությունները չքննադատելու համար: Նրա խոսքով՝ այդ կառույցները «քնած են» կամ սահմանափակվում են ձևական մտահոգությամբ այն ընթացքում, երբ զոհվում են խաղաղ բնակիչներ և երեխաներ:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Պակիստանում Իրանի և ԱՄՆ-ի միջև տեղի ունեցած բանակցությունների ընթացքում տարաձայնությունների ամենակարևոր կետերից մեկը Իրանի միջուկային ծրագիրն էր։
«Մեզ անհրաժեշտ է տեսնել հաստատակամ հանձնառություն առ այն, որ [Իրանը] չի ձգտի տիրանալ միջուկային զենքի և չի ձգտի ձեռք բերել այնպիսի գործիքներ, որոնք թույլ կտան նրանց արագորեն ստեղծել այն»,- ասել էր ամերիկյան պատվիրակության ղեակավար, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն