ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրանական կողմը խախտել է հրադադարի պայմանավորվածությունները։ Այս մասին նա գրառում է կատարել Truth Social-ում։
«Իմ ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ (Պակիստան). նրանք այնտեղ կլինեն վաղը երեկոյան՝ բանակցություններ վարելու նպատակով։ Իրանը վերջերս հայտարարեց, որ փակում է Հորմուզի նեղուցը, ինչը տարօրինակ է, քանի որ մեր շրջափակումն այն արդեն իսկ փակել է»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Նա ընդգծել է, որ ամերիկյան կողմը «շատ արդար և խելամիտ գործարք է առաջարկում»․ «Ես հույս ունեմ, որ նրանք կընդունեն այն, որովհետև եթե ոչ՝ Միացյալ Նահանգները շարքից հանելու է Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու բոլոր կամուրջները»,- ասել է Թրամփը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իրանական նավահանգիստների նկատմամբ ԱՄՆ շրջափակումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև «Իրանի հետ մեր գործարքը 100%-ով ավարտին հասցվի»։ Ապրիլի 17-ին Իրանը բացել էր Հորմուզի նեղուցը, սակայն հաջորդ օրը հայտարարել էր նորից «խիստ վերահսկողության տակ առնելու մասին», քանի դեռ ԱՄՆ-ն շարունակում է շրջափակումը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Պակիստանում Իրանի և ԱՄՆ-ի միջև տեղի էին ունեցել բանակցություններ։ Կողմերը համաձայնության չէին հասել։ Տարաձայնությունների ամենակարևոր կետերից մեկը Իրանի միջուկային ծրագիրն էր։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։