hetq.am «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» (ԹԻՀԿ) այսօր՝ 2026թ. ապրիլի 21-ին, հանրությանն է ներկայացրել դատախազության 2021-2024թթ. գործունեության համապարփակ հետազոտությունը: Չնայած կառույցի անկախության և ռեսուրսների ապահովվածության բարձր ցուցանիշներին, զեկույցը վեր է հանում լրջագույն խնդիրներ՝ կապված քաղաքական ազդեցության ռիսկերի, կոռուպցիոն գործերի կարճման բարձր տոկոսի և հանրային հաղորդակցության ցածր մակարդակի հետ: Զեկույցը ներկայացրեց ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ Անուշ Հակոբյանը: Ներկա էին նաև դատախազության ներկայացուցիչներ:
Հետազոտությունն իրականացվել է 2021-2024թթ. ընկած ժամանակահատվածի համար։ Դատախազության գործունեությունը դիտարկվել և գնահատվել է 48 ցուցանիշներով։ Գնահատվել են դատախազության անկախությունը և կարգավիճակը, ապահովվածությունը ֆինանսական և մարդկային ռեսուրսներով, կառույցի հաշվետվողականությունը և ներքին բարեվարքությունը, կոռուպցիոն հանցագործությունների հետապնդման պրակտիկան, կոռուպցիայի կանխարգելմանը, կրթմանը և իրազեկմանը միտված ջանքերը, համագործակցությունն ու արտաքին հարաբերությունները։
Ըստ հետազոտության՝ առավել բարձր են գնահատվել դատախազության անկախությունը և կարգավիճակը (77.7%), ապահովվածությունը ֆինանսական և մարդկային ռեսուրսներով (68.7%)։ Միջինին մոտ միավորներ է ապահովել կոռուպցիոն հանցագործությունների հետապնդումը (44.4%), հաշվետվողականությունը ու ներքին բարեվարքությունը (44.4%) ու համագործակցությունը և արտաքին հարաբերությունները (50%)։
Ամենացածր տեղում են կանխարգելումը, կրթությունը և իրազեկումը, այդ թվում՝ օրենսդրությամբ դատախազության այդպիսի գործառույթները պատշաճ չկարգավորելու բերումով (21.4%):
Ջակարտայի հակակոռուպցիոն մարմինների գործունեության սկզբունքներին համապատասխանության տեսանկյունից՝ դատախազության գործունությունը գնահատվել է 62․1%, որտեղ ցածր մակարդակում են արտաքին հաշվետվողականության, հանրային հաղորդակցության և գործակցության սկզբունքների ապահովումը։
Գնահատվել է առավել բարձր՝ 65․3%, տվյալ կառույցի վերահսկողության շրջանակում գտնվող ներքին գործոնների ցուցանիշներով։ Վերահսկողությունից դուրս գտնվող արտաքին ազդեցության գործոններով պայմանավորված գնահատականը 62․5% է, իսկ կատարողականի ցուցանիշներով՝ 34․2%։Թեև «Դատախազության մասին» օրենքում ամրագրված է դատախազի ապաքաղաքականացվածության սկզբունքը, որի համաձայն դատախազը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ, սակայն հանրային և մեդիա դաշտում քննարկվում է գլխավոր դատախազի կաշկանդվածության մասին: Մասնավորապես՝ ուսումնասիրությամբ նշվում է, որ գործող գլխավոր դատախազը վարչապետի հետ ունեցել է սերտ աշխատանքային հարաբերություններ (Աննա Վարդապետյանը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականը), ինչը ստեղծում է քաղաքական կախվածության և ընտրովի արդարադատության վերաբերյալ բարձր ռիսկեր։
ԹԻԱՀ-ն իր հետազոտության մեջ նշել է, որ այդ ընկալումները խորանում են նաև այն հանգամանքով, որ ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերի զգալի մասը չի հասնում դատավարական ավարտի։
Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերի և պատգամավորների կողմից բազմիցս հնչեցվել են մեղադրանքներ, ըստ որոնց պետական մարմինները, այդ թվում՝ իրավապահ համակարգը և դատախազությունը, որոշ դեպքերում գործել են քաղաքական դրդապատճառներով՝ թիրախավորելով իշխանությունների քննադատներին կամ ընդդիմադիր գործիչներին։ Մասնավորապես, ընդդիմադիր պատգամավորները հրապարակային ելույթներում և լրատվամիջոցների միջոցով քննադատել են իշխանություններին՝ դատարանների և իրավական մեխանիզմների կիրառումը որպես քաղաքական ճնշման կամ վախեցման գործիք օգտագործելու համար։ Նշվել են նաև դեպքեր, երբ Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու գործընթացները մեկնաբանվել են որպես քաղաքական պատվերով պայմանավորված քայլեր։
Հետազոտության մեջ նշված է նաև, որ Գլխավոր դատախազը չի մասնակցել քաղաքականապես զգայուն հարցերի վերաբերյալ խորհրդարանական լսումներին, այդ թվում՝ քաղաքական ենթատեքստ ունեցող գործերի շուրջ քննարկումներին, ինչը որոշ շրջանակների կողմից գնահատվել է որպես խորհրդարանական վերահսկողությունից խուսափելու փորձ։ Իսկ Գլխավոր դատախազի՝ օրենքով սահմանված կարգով ԱԺ-ում տարեկան հաղորդման ներկայացման ընթացքում ընդդիմության կողմից բարձրացված քաղաքական պատվերի վերաբերյալ մտահոգությունները չեն ստացել համապարփակ, փաստարկված արձագանք կամ ինստիտուցիոնալ գնահատում։ Արդյունքում, քաղաքականապես զգայուն գործերի շուրջ ձևավորված հանրային ընկալումները շարունակում են պահպանել դատախազության քաղաքականացված լինելու ռիսկը։
Դատախազության գործունեության գնահատմամբ վերհանված խնդիրների առնչությամբ օրենսդրական և վերահսկողության մակարդակում ներկայացվել է 42 առաջարկություն: Մասնավորապես՝ վերանայել և վերացնել Գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու ընթացքում երկու անգամ անընդմեջ ընտրվելու հնարավորությունը։ Բացի այդ, առաջարկվում է Գլխավոր դատախազի ընտրության գործընթացում թափանցիկությունն ու արժանիքահեն մոտեցումը ապահովելու նպատակով սահմանել լրացուցիչ մեխանիզմներ՝ ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի կողմից թեկնածուների առաջադրման փուլում։
Առաջարկվում է՝ մինչև Ազգային ժողով ներկայացնելն անցկացնել բաց մրցույթ՝ սահմանված պահանջներին համապատասխանող ցանկացած անձի մասնակցության հնարավորությամբ։ Նպատակահարմար է մեկ թեկնածուի փոխարեն Ազգային ժողով ներկայացնել մինչև երեք թեկնածու։ Ընդ որում, նշված գործընթացում պետք է ապահովվի նաև անկախ փորձագետների մասնակցությունը, օրինակ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ, իրավաբան-գիտնականներ, որոնք չեն հանդիսանում հանրային ծառայողներ և ենթակա չեն որևէ պետական մարմնի։
Դատախազության լիազորությունների քաղաքական նպատակներով օգտագործման ռիսկերը նվազեցնելու նպատակով առաջարկվում է Գլխավոր դատախազի թեկնածուների ընտրության չափանիշներում սահմանել առնվազն վերջին երեք տարիների ընթացքում որևէ կուսակցության անդամ հանդիսանալու կամ քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվելու սահմանափակում:
ԹԻԱՀ-ն անդրադարձել է նաև թե ինչպես է դատախազությունը արձագանքում տեղեկատվության պահանջներին կամ ինչպես է պատասխանում հարցումներին: ԹԻՀԿ հարցմանն ի պատասխան դատախազությունից հայտնել են, որ հանրության հարցումների քանակը 2021-2024թթ․ ընթացքում զգալիորեն աճել է (312-ից մինչև 843), և անարձագանք թողնված հարցումներ չեն արձանագրվել։ Սակայն, զեկույցում նշվում է, որ խնդրահարույց կարող է լինել նաև արձագանքման որակը։ Մասնավորապես, ԹԻՀԿ նշված հարցմանն արձագանքելիս դատախազությունից պահանջված տեղեկությունների զգալի մասը մնացել է անպատասխան։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում