Երկաթուղու կառավարումը հանձնելու հայկական կողմի հայտարարությունները տարօրինակ են. ՌԴ ԱԽ | azatutyun.am

Երկաթուղու կառավարումը հանձնելու հայկական կողմի հայտարարությունները տարօրինակ են. ՌԴ ԱԽ | azatutyun.am

azatutyun.am ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը «Երևանի կողմից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կառավարումը զիջման հանձնելու անհրաժեշտության մասին հայտարարությունները տարօրինակ է որակել։

«Առնվազն տարօրինակ են թվում հայկական կողմի հայտարարությունները, թե «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը իբր ստեղծում է որոշակի մրցակցային կորուստներ երկրի համար, ինչպես նաև առաջարկները՝ այդ կոնցեսիան փոխանցել երրորդ երկրներին», – ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել է Շևցովը՝ հավելելով՝ պայմանագիրը կնքվել է Հայաստանի համար առավել բարենպաստ պայմաններով։

Հայաստանի Վարչապետ Փաշինյանը ապրիլի 1-ին Մոսկվա մեկնելուց առաջ հրապարակային հայտարարել էր՝ հայկական երկաթուղու ռուսական կառավարման պատճառով տարածաշրջանային ապաշրջափակման ընդհանուր համատեքստում Հայաստանը կորցնում է մրցակցային առավելությունը:

Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը հայտնել է, որ նախնական գնահատականներով՝ կոնցեսիան հնարավոր գնորդներին կարժենա առնվազն 250 մլն դոլար՝ իրավունքների գնման և փոխհատուցումների համար։

«Ամեն դեպքում տեսությունը միշտ կարելի է ստուգել գործնականում, և չի բացառվում, որ արդյունքները կարող են նույնիսկ գերազանցել սպասումները, իսկ Հայաստանի սոցիալ-տնտեսական կորուստները ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող են ավելի մեծ լինել, քան կանխատեսվում է», – ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։

Փաշինյան-Պուտին մոսկովյան վերջին լարված խոսակցությունից հետո օրեր առաջ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չէր թաքցրել՝ երկաթուղու հարցով համաձայնություն Ռուսաստանում ձեռք չի բերվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն