arm.sputniknews.ruՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք պետական այցի ընթացքում կստորագրվի երկկողմ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:
Ինչպես հայտնի է, Մակրոնը ՀՀ է այցելելու մայիսի 5-ին:
«Մակրոնի այցի օրակարգը հագեցած է լինելու։ Ուզում եմ մի կարևոր կետ նշել: Կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, որը երկար ժամանակ քննարկվել է»,- ասել է Կոստանյանը։
Նրա խոսքով՝ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր կստորագրվեն նաև այլ ոլորտներում, մասնավորապես՝ կրթության, ռազմատեխնիկական համագործակցության, արհեստական բանականության: