Ես չեմ հայտարարել, որ հաշտ եմ Աննա Հակոբյանի որոշման հետ:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք դարձյալ միավորվել են Աննա Հակոբյանի հետ:
Փաշինյանը հիշեցրեց, որ երբ Աննա Հակոբյանը հայտարարել է իրենց քաղաքացիական ամուսնության ավարտի մասին, ինքը ասել է, որ հարգանքով է վերաբերվում այդ որոշմանը, բայց չի հայտարարել, որ հաշտ է այդ որոշման հետ:
«Ես բնականաբար այդ տրամաբանությամբ ջանքեր եմ գործադրել, որ ձեր ասած իրադարձությունը (միավորվելու՝ խմբ.) տեղի ունենա, և ուրախ եմ, որ դա տեղի է ունենում, և ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որ մեր ընտանիքը պահպանվի»,- ասաց Փաշինյանը:
Նշենք, որ ապրիլի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան տեսանյութ է հրապարակել կառավարական առանձնատնից, որի կադրերում երևում է նաև Աննա Հակոբյանը: Այնուհետև վերջինս ուղեկցել է Նիկոլ Փաշինյանին Գյումրիի Վարդանանց հրապարակում նախատեսված համերգի շրջանակում։ Հակոբյանը այդ օրը չի պատասխանել լրագրողների՝ միավորման վերաբերյալ հարցերին:
Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը հայտարարել էր Նիկոլ Փաշինյանից բաժանվելու և կառավարական առանձնատնից հեռանալու մասին։ Նիկոլ Փաշինյանը արձագանքել էր, որ Աննա Հակոբյանի որոշմանը հարգանքով է վերաբերվում. «Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։ Թերևս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»: