56482fd0-607b-4fa6-8172-fc7b5cccb51d_w1023_r1

Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ հարձակումը ռազմական հանցագործություն է. Ֆրանսիայի ԱԳՆ | azatutyun.am

azatutyun.am Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության՝ UNIFIL-ի զինվորների դեմ իրականացված մահաբեր հարձակումը որակել է որպես ռազմական հանցագործություն։

«Հարձակվել ՄԱԿ-ի «կապույտ սաղավարտների»՝ խաղաղության զինվորների վրա, որոնք դաշտում հստակ ճանաչելի են, ոչ միայն ռազմական հանցագործություն է, այլև վիրավորանք ողջ միջազգային հանրությանը»,- France Info-ին հաղորդել է Ֆրանսիայի արտգործնախարարը:

Շաբաթ օրը տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել են երկու ֆրանսիացի զինվորներ, ևս երկուսը վիրավորվել են։

ՄԱԿ-ի Լիբանանում ժամանակավոր ուժերի (UNIFIL) տվյալներով՝ զինվորները հայտնվել են կրակի տակ, երբ Լիբանանի հարավում ճանապարհից ականազերծում էին պայթուցիկ սարքեր։

UNIFIL-ի նախնական գնահատականը ցույց է տվել, որ հարձակման համար պատասխանատու են «Հեզբոլա»-ի մարտիկները։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ իր հետախուզական տվյալները ևս մատնանշում են, որ կրակ են բացել «Հեզբոլա»-ի զինյալները։

Սակայն «Հեզբոլա»-ն հանգստյան օրերին հերքել է իր մասնակցությունը միջադեպին։

Լիբանանի արտգործնախարարությունը խոստացել է միջադեպի համապարփակ քննություն։

UNIFIL-ի խաղաղապահները, որոնք հաճախ կոչվում են «կապույտ սաղավարտներ» իրենց բնորոշ գլխարկների պատճառով, 1978 թվականից վերահսկում են Իսրայելի և Լիբանանի միջև սահմանային տարածքը։

Մի քանի շաբաթ առաջ UNIFIL առաքելության երկու ինդոնեզացի զինվորներ զոհվել էին պայթյունի հետևանքով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն