221d665b287842eca2c9ccb63e9e8b41

Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքությանն ու Թուրքիայի հայ համայնքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ին Պոլսո Հայոց պատրիարքությանն ու Թուրքիայի հայ համայնքին ուղերձ է հղել, որն ընթերցվել է Ստամբուլի հայկական Սուրբ Հակոբ եկեղեցում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի պատարագի ժամանակ։

Էրդողանը, կրկին չօգտագործելով Հայոց Ցեղասպանություն եզրույթը, պնդել է, թե Օսմանյան կայսրության հայերը զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում՝ նշելով, որ հարգանքով են հիշում և ցավակցություն հայտնում զոհվածների սերունդներին։

Էրդողանը նշել է, թե Օսմանյան կայսրության փլուզումն ուղեկցվել է բախումներով, հրոսակախմբերի շարժումներով, ահաբեկչություններով, համաճարակներով, ինչի ընթացքում մեծ տառապանքներ կրած ժողովուրդներից են եղել նաև հայերը։

«Խաղաղության, բարօրության, եղբայրության հիման վրա ավելի ցանկալի օրերի հասնելու համար մենք գործում և պայքարում ենք բոլոր հայրենակիցների և բարեկամների հետ՝ անկախ նրանց ազգային և կրոնական պատկանելությունների։

Պատմությունից թշնամանք հրահրել ցանկացողներին ամենալավ պատասխանը տալիս ենք՝ չսահմանափակվելով գաղափարախոսական կաղապարներով, առաջնահերթ համարելով խաղաղության, փոխըմբռնման և երկխոսության լեզուն՝ հիմքում դնելով ոչ թե հակամարտությունը, այլ համաձայնությունն ու համերաշխությունը», – նշել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն